
Մեկնարկել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների հաշմանդամության կարգի հաստատման և թոշակավորման գործընթացը

Հանրապետության բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովները իրականացնում են Արցախյան պատերազմում վիրավորում ստացած և նախապես հերթագրված անձանց բուժզննություն։Առկա բժշկական փաստաթղթերի հիման վրա, պարզեցված կարգով որոշվում է պատերազմի մասնակից վիրավորների հաշմանդամության խումբը:
Շիրակի մարզի բժշկասոցիալական հանձնաժողովը վիրավոր, վերջույթների անդամահատումներով զինվորների փորձաքննություն է իրականացնում ինչպես Գյումրիում,այնպես էլ մարզի տարածաշրջաններում, անհրաժեշտության դեպքում մասնագետները կատարում են նաև տնայցեր:
Հարություն Մկրտչյանը հոկտեմբերի 8-ից մասնակցել է Հադրութի պաշտպանական մարտերին,ապա տեղափոխվել Շուշիի մատույցներ: Նոյեմբերի 4-ին Քարին տակի թեժ մարտերում վիրավորվում է ստացել արկի պայթյունից:
«Ձախ ոտքս է կտրվել, աջն էլ համարյա կտրվել էր, բժիշկները մի կերպ հավաքեցին, մեկ էլ 2 մատներս են, որ ամբողջությամբ ճզմվել էին, հիմա կարողանում եմ մի քիչ շարժել, բնականից կարճ են մնացել, բայց դե ոչինչ»,-ասում է 29 ամյա Հարությունը։
Հաշմանդամության կարգ սահմանելու համար Հարություն Մկրտչյանին վերջնական հետազոտություն անցկացրին բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովի մասնագետները։Հաշվի առնելով բոլոր վնասվածքները հանձնաժողովը միանգամից որոշեց նրա հաշմանդամության առաջին խումբ։
Փորձագիտական հանձնաժողովին անդամահատված վերջույթներով ու տարբեր վնասվածքներով զինվորներ ու կամավորներ դիմել են մարզի տարբեր բնակավայրերից։
«Արդեն մի երկու շաբաթ է ,որ հոսքը սկսվել է մարզում,դիմել են վիրավորում ստացած 10-ը զինվորներ, սպաներ, որոնցից 9-ն արդեն փորձաքննվել են, մեկը դեռևս գտնվում է հետազոտման փուլում։Հիմնականում դիմել են ամպուտացիաներով ,որոնց եռամսյա ժամկետ չի պահվել, հենց միանգամից դիմել են ու միանգամից կազմակերպվել է փորձաքննություն»,-նշեց թիվ 4 ԲՍՓ բաժնի ղեկավար Հրաչյա Մարտիրոսյանը։
«Հիմնականում գալիս են հետազոտված,համակարգչային տոմոգրաֆիա անցած,բուժումները ստացած,ըստ այդմ էլ արդեն եզրակացությունը կայացնում ենք,եթե թերի փաստաթղթեր է լինում,պահանջում ենք ու շարունակում բուժումը, վերականգնողական բուժումն ենք հսկում»-պարզաբանեց է թիվ 4 ԲՍՓ հանձնաժողովի բժիշկ-փորձագետ Սյուզաննա Այվազյանը։
Կենսագործունեության սահմանափակումների աստիճանով պայմանավորված վիրավոր զինծառայողներին հիմնականում տրվում է հաշմանդամության առաջին խումբ՝ երկու տարի ժամկետով,իսկ երրորդ խումբ տրվում է ցմահ:
Ըստ մասնագետների հաշմանդամության խմբերը ենթակա են փոփոխության` կախված տղաների առողջական վիճակում նկատվող փոփոխություններից:
Մայրաքաղաքի կլինիկաներում դեռ բուժում ստացող վիրավորների թիվը հաշվի առնելով, մասնագետները կանխատեսում են,որ առաջիկայում դիմելիությունը մի քանի անգամ կավելանա։Տեղաշարժման դժվարություններ ունեցողների համար բժշկափորձագիտական հանձնաժողովը կատարում է տնայցեր,իսկ անհրաժեշտության դեպքում դիմումներն ընդունում նաև օն-լայն։