Ինչու հենց 1994 թվականին չդրվեց Արցախում պատերազմի վերջակետը. Վազգեն Մանուկյանը պատմեց 20 տարի առաջվա դեպքերի մասին
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հանդիպում է երիտասարդների հետ՝ պատասխանելով վերջինների հարցերին:
Հանդիպման ընթացքում Մանուկյանը պատասխանեց նաև հարցին, թե ինչու հենց 1994 թվականին չդրվեց Արցախում պատերազմի վերջակետը, եթե հաշվի առնենք այն, որ այդ տարիներին հայկական կողմը հաղթում էր, ինչո՞ւ ստորագրվեց միայն հրադադարի պայմանագիրը:
Մանուկյանը նշեց, որ դեռ մինչև իր վարչապետ եղած ժամանակը, երբ ինքը Ղարաբաղ կոմիտեի համակարգողն էր, ջոկատներ էին ստեղծում, սահմաններին պատերազմ կար. «Երբ ես վարչապետ դարձա, մենք ստեղծեցինք Զինված ուժեր ոստիկանության մեջ:
Մենք ֆիդայիններին կոչ արեցինք մտնել այնտեղ, իսկ ով չէր մտնելու, պետք է զենքը վայր դներ, քանի որ մեզ պետք չէին մաուզերիստներ, անկանոն ջոկատներ:
Հաջորդ քայլը եղավ Պաշտպանության կոմիտեն: Այդ ժամանակ դեռ խորհրդային միությունում էինք: Բայց պատերազմի իրական իրադարձությունները սկսվեցին, երբ ես արդեն դուրս էի եկել ու ընդդիմության մեջ էի:
Ջոկատով եղել եմ Վաղուհասում, Մարտակերտի կողմերը, քանի որ սկսվել էին պարտություններ: Շուշիի ու Լաչինի հաղթանակներից հետո սկսվեցին պարտություններ:
Այդ ժամանակ ինձ առաջարկեցին լինել Պաշտպանության նախարար, ես ընդունեցի առաջարկը, վերակառուցվեց բանակը:
Հետո Քարվաճառը վերցրեցին, Մարտակերտը վերադարձրեցինք, եղավ Կապանի օպերացիան, իսկ Ակնան արդեն վերցնում էինք:
Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ինձ դուրս գալ: Հավանաբար վտանգավոր էր իմ երկար մնալը: Ես ասացի, որ ինքնակամ դուրս չեմ գա, ինչպես վարչապետությունից, քանի որ բարոյական պարտք ունեմ:
Ես ասացի, որ կարող են ինձ հանել, ես որևիցե բան չեմ անի: Ես դուրս եկա:
1994 թվականի համաձայնության ժամանակ եղել եմ ընդդիմության մեջ, շատ մանրամասնություններ չեմ իմանում: Ինձ էլ է մեկ-մեկ թվում, որ կարելի էր ավելի լավ պայմանագիր կնքել, բայց այն մարդիկ, ովքեր մասնակցել են դրան, օրինակ Դավիթ Շահնազարյանը, ինչպես նաև խոսել եմ Սամվել Բաբայանի հետ, համոզված են, որ դա հնարավոր չէր: Այնպես, որ դա օդի մեջ կախված հարց է»: