Երկրաշարժից 32 տարի անց Գյումրիում դեռ կան տնակային ավաններ

Շիրակի մարզում,  ըստ վերջին հաշվառման, առկա է 3547 ժամանակավոր կացարան, որից 2858-ը՝ Գյումրիում: Գյումրին տնակներից ազատելու նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության արտագնա նիստի ժամանակ որոշվեց ձևավորել հատուկ հանձնաժողով: «Հանձնաժողովն այս պահին էլ շարունակում է աշխատանքը, գրում է «Արմենպրեսը»:

 

Գործընթացը ոչ միայն Շիրակում, այլ նաև Լոռիում ու Արագածոտնում է իրականացվում: Տնակներում բնակվող ընտանիքների խնդիրը տարբեր կերպ է լուծվելու»,-«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը՝  տեղեկացնելով, որ համայնքների կողմից տնակների հաշվառման տվյալները ներկայացվել են ՀՀ քաղաքաշինական կոմիտե, որտեղ հստակեցվում  են տնակները տարածքներից ազատելու կարգերը:

«Տարբեր կացարաններ տարբեր կերպ են ապամոնտաժվելու ու տարածքից հանվելու: Խոսքը ոչ թե տնակում բնակվող բնակչին բնակարանով ապահովվելու, այլ քաղաքի, կամ բնակավայրի տարածքը ժամանակավոր կացարանից ազատելու մասին է»,-նշեց Ալբերտ Մարգարյանը: Շատ բարդ խնդիրներ են առաջ գալիս, քանի որ ընտանիքների` տնակում հայտնվելու պատճառները տարբեր են՝ մի մասը երկրաշարժից անօթևան է. ընտանիքի մեծ լինելու պատճառով բնակարան տեղափոխվել է մի մասը, մյուսը մնացել է տնակում, որոշներն էլ ստացել են փոխհատուցում, բայց վաճառել բնակարանը ու  մնացել տնակում, կան նաև, որ ներքին միգրացիայի արդյունքով եկել տնակ են գնել և ապրում են Գյումրիում:

Այսօր այս մեծ բեռը ՀՀ կառավարությունը չի կարող միանգամից վերցնել և տնակում բնակվող  բոլոր ընտանիքներին բնակարանով ապահովել, դրա համար էլ գույքագրվում են, թե որ կատեգորիայի տնակները պետք է փոխհատուցվեն կամ ինչպես պետք է դա իրականցվի: Դա կորոշվի հանձնաժողովի աշխատանքի վերջնական փուլում և կկայացվի կառավարության համապատասխան որոշում, կլինի նաև ժամանակացույց:

Չնայած տնակների առկայութանը, այս պահին չկա աղետի հետևանքով շահառու ճանաչված ոչ մի ընտանիք, որի հանդեպ պետությունը պարտավորություն ունենա:

«Չկան ընտանիքներ, որոնք, մնալով  անօթևան երկրաշարժից, կորցնելով բնակարան և ճանաչված լինելով շահառու՝ նրանց հարցը լուծված չլինի, սրան զուգահեռ  կան ընտանիքներ, որոնք ինչ-որ պատճառներով շահառու չեն ճանաչվել»,-նշեց Ալբերտ Մարգարյանը:

Հիշեցնենք՝ 32 տարի առաջ Հայաստանում 10 բալ ուժգնությամբ երկրաշարժի պատճառով հաշված վայրկյանների ընթացքում հազարավոր շինությունների փլուզման, տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ: 

Քաղաքականություն