Պատգամավորներ, գնացեք, նստեք զորքերի տեղակայման վայրերը, ինքներդ տեսեք՝ ի՞նչն է պակասում. Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ԱԺ պատգամավորներին. 

«Պատգամավորներ, 

 

Վեր կացեք, գնացեք, նստեք զորքերի տեղակայման վայրերը, ինքներդ տեսեք՝ ի՞նչն է պակասում։ Ինքներդ գրեք այդ անիծված պահանջագրերը, ինքներդ ստացեք, ինքներդ բաժանեք։ Հերթապահություն սահմանեք, միշտ մեկը թող տեղում լինի։

Ով չի կարող, հանձնարարեք, թող անընդմեջ, ամենօրյա ռեժիմով այցելեն փախստականներին՝ ընտանիք առ ընտանիք և նույնը անեն թիկունքում։ Բայց կազմակերպված և ցուցակով, ցանկալի է առանց տեսախցիկների և շքախմբերի։

Երևանում համապատասխան մարմինները տեսակավորմամբ և ձեզ մատակարարմամբ կզբաղվեն, Երևանում արվածը գրոշի գին ունի, քանի դեռ մեկ միավոր կարիքի մեջ է։

 

Հասկացել եմ, որ ինձ իգնոր եք անում, հասկացել եմ, որ հասկացել եք, թե ինչ օյին ենք դնելու ձեր գլխին հաղթանակից հետո։

Ուշ չէ, արդարացրեք մեր վստահությունը, քավեք ձեր մեղքերը, կամուֆլյաժ-կամուֆլյաժ խաղալն էլ թարգեք, ձեր պարտականությունները կատարելով ավելի շատ օգուտ կտաք»։

 

Ֆեյսբուքյան օգտատեր Էլիզա Առաքելյանն էլ անդրադառնալով բյուջեից պարգևավճարների համար նախատեսված գումարների հարցին, նշել է. «Էս պատերազմական գիշերվա հազարին մտահոգ եմ մեր խեղճ ու կրակ, տանջված, անտեսված, չգնահատված, բայց գիշերուզօր, օրնիբուն աշխատող պաշտոնյաների 2021 թ-ի պարգևավճարներով: Մտածում եմ, Աստված ջան, մեր էս պայթած տնտեսությունով և աճող գործազրկությամբ որտեղի՞ց ենք էդ մարդկանց վճարելու իրենց հալալ մալը: Հիմնադրամին ահագին գումար կա, կարո՞ղ է էնտեղից վճարենք»:

Քաղաքականություն