«Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար». Ջիմ Կոստա

Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի հայ ժողովրդի դեմ իրականացվող ագրեսիվ գործողությունների համար, Twitter-ի էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան։ 

«Առանցքային պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը կարևոր առաջին քայլն է՝ ցույց տալու համար, որ մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքների այդ կոպիտ խախտումներն իրենց հետևանքներն ունեն։ 

Ես նամակ եմ հղել պետքարտուղար Պոմպեոյին՝ կոչ անելով Մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և ստորագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձևը»,- գրել է կոնգրեսականը՝ նշելով, որ շարունակելու է պաշտպանել հայ ժողովրդի շահերը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ 

Հոկտեմբերի 23-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 23 ինքնաթիռ, 202 անօդաչու թռչող սարք, 580 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: 

Հակառակորդն ունի ավելի քան 6459 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 927 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: 

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ 

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ 

Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ