Ստյոպա պապը ընտանիքից թաքուն էր մեկնել Արցախ

Մարտի են գնում նաև ծերունիները․․․Այդպես էր 90-ականների արցախյան գոյամարտում , այդպես էր 2016 թվականի ապրիլյան պատերազմի  օրերին ու հիմա։ 73 ամյա գյումրեցի   Ստյոպա  Զաքարյանի պատմությունն ու լուսանկարը պատերազմական այս օրերին հայտնի դարձավ համացանցում։

 

Ոչ իր կամքով  պատերազմի ամենաթեժ կետից նոր է վերադարձել Գյումրի ։ 73-ամյա զինվոր-կամավորականին հանդիպեցինք  իր տանը։

«Շորերս դրել եմ ստեղ,որ հանկարծ ծայրագույն դեպքում ,եթե պետք էղնի էլի փախնիմ երթամ,արդեն սովորական է դարձել ընձի համար։Էսի ֆոռմես է,էսի գլխարկս է,էս էլ շալվարս»,-shantnews.am է  ներկայացրել  Ստյոպա պապը։

Ռազմաճակատից եկել է ու զինվորին հատուկ կարգապահությամբ  սափրվել է , բայց մարտի դաշտ  գնալու սպասումով է։Ասում է այս անգամ շատ է խնդրել,որ իրեն էլ կամավորականների հետ  տանեին Արցախ։

«Էս անգամ էլի փախա գնացի,մեր նախագահ Նիկոյանին խնդրեցի օր ընձի էլ գրե,ըսավ ՝Ստյոպ ախր 70 տարեկանից բարձրներին չենք տանի,ըեցի դու գրե,ես երթամ էնտեղ պատասխան կուդամ ,թե ինչու համար եմ եկել»,-պատմել է Ստյոպա Զաքարյանը։

 

Ստիպված նրա անունն ավելացրել են կամավորների ցուցակում , սեպտեմբերի 28 -ին արդեն ե դիրքերում էր։Իսկ ընտանիքը ռազմադաշտում արված  լուսանկարից է  միայն իմացել , որ Ստյոպա պապը Ղարաբաղում է։ Տասնյակ  ոգևորող  մեկնաբանությունների արժանացած լուսանկարը  համացանցում էր տեղադրել այն վիրավոր զինվորը ,ում  73 -ամյա կամավորականը  զինվորական հոսպիտալ էր տեղափոխել։

Խրամատում 73 ամյա զինվորի  ներկայությունից անակնկալի է եկել   գեներալներից մեկն ու խորհուրդ տվել տուն վերադառնալ,բայց Ստյոպա պապը մնացել էր տղաների կողքին։

«Գեներալը բռնեց,ըսավ քանի՞ տարեկան ես,ըսեցի 73,ըսավ բա ինչի՞ ես եկել,քեզի ո՞վ է բերել,ըսեցի՝ մեր ջոկատի հետ եմ եկել։Ըսեց  գիտես օր չի թույլատրվի, ըսեցի ՝ գիտեմ,բայց դե պատերազմի դաշտում մեկ զինվորն էլ  էլի  մեծ բան է»,- լրատվականին ասել է  Ստյոպա Զաքարյանը։

 

14 օր զինվորների հետ դիրքերում է եղել, նրանց քաջալերել է, ինչպես իր երկու որդիներին , որոնք այսօր առաջնագծում են , պայմանագրային զինծառայողներ են։Բայց իր որդիներին սահմանին   չի հանդիպել ։Այդպես է եղել նաև ապրիլյան պատերազմի օրերին,հայր ու որդիներ տարբեր դիրքերում են կռվել ։

«Ես եմ իրանց սովորեցրել,օր հայրենիքը պահեն,եթե իրանք կրնան,ես ինչի չպտի կրնանամ։Պապս կսեր,բալա ջան,լավ է զենքը ուսիդ մեռնիս,քան թե թշնամուն նոքյար դառնաս,ըսիգ ամենապազոռ բանն է,հային չսազական,-ասում է  Ստյոպա պապն ու  ավելացնում,-էնպես  կփախնին իրանց զինվորներն օր էլ չըսած,հետևներից օր վազես չես էլ հասնի։Կատուն դռան շեմին է ուժեղ,իրան փիղ կզգա,ըդպես էլ իրանք են։Մեր մե զինվորը իրանց տասը զինվորից առավել է»։