Կրակի դադարեցման հնարավորությունը կորցնելը խիստ վտանգավոր է. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը՝ РБК-ին
Կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության ընձեռած հնարավորությունը ոչ մի դեպքում բաց թողնել չի կարելի, ռուսական РБК հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Իրավիճակը շատ փոփոխական է: Հոկտեմբերի 10-ի առավոտից ռազմական լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են, հիմնականում՝ հարավային ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաք ներթափանցելու փորձ է կատարվել մոտ 200 հոգանոց դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից, մեծ ուժեր են առաջ նետվել, փորձել են ինչ-որ բանի հասնել: Եվ այդ ողջ ընթացքում հարվածները քաղաքների և, հատկապես, մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարել. ռմբակոծությունները շարունակվել են մինչև շաբաթ առավոտ, շարունավել են ողջ կիրակի, հարվածներ են հասցվել նաև երկուշաբթի՝ օրվա ողջ ընթացքում»,- ասել է Մնացականյանը:
Նրա խոսքով՝ առաջին քայլը ստեղծված իրավիճակում հումանիտար նպատակներով կրակի դադարեցումն է, և այդ համատեքստում նախարարը շեշտել է ՌԴ գլխավորությամբ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքի արդյունքում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ Մոսկվայում կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը:
«Այն կորցնելը խիստ վտանգավոր է: Խորհրդակցություններ են անցկացվում և՛ Միջազգային Կարմիր խաչի կազմակերպության, և՛ Մինսկի խմբի համանախագահների, և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Այո, այժմ քննարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման հարցը: Այդ համատեքստում Ռուսաստանը իր կողմից շատ օգտակար դեր է խաղում: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը հանդես են եկել և այժմ էլ հանդես են գալիս վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման օգտին, բայց տարիներ շարունակ մենք բախվում ենք այն խնդրին, որ Ադրբեջանը դեմ է հրադադարի ամրապնդման որևէ մեխանիզմի ներդրմանը: Բանակցությունները շատ բարդ ու զգայուն հարցերի վերաբերյալ էին: Շատ դրույթներ կային՝ հարցերի ինչ ծավալ է պետք դիտարկել, ինչ հերթականությամբ քայլեր պետք է կատարվեն: 11 ժամ պահանջվեց այս 4 կետի շուրջ համաձայնության գալու համար, որոնք արտացոլվել են հայտարարությունում: Եվ այստեղ, ասեմ Ձեզ, շատ կարևոր դեր է ունեցել Սերգեյ Լավրովը: Կարծում եմ՝ ճիշտ կլինի այս պահին զերծ մնալ դետալների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց: Ինձ համար հիմա կարևորն արդյունքի հասնելն է: Հարցեր կան, որոնք վերաբերյալ մենք բացարձակապես համաձայն չենք ադրբեջանական կողմի հետ, բայց գլխավոր այն է, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք այդ հարցին մոտեցել, մեր ժողովուրդների առաջ ունեցած պատասխանատվությամբ»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:
Մնացականյանը շեշտել է, որ կոնկրետ տարածքների՝ այս կամ այն կողմից վերահսկողության տակ գտնվելու մասին խոսելը տեղին չէ:
«Լեռնային Ղարաբաղի պաշտպանության ուժերի դիրքերի առաջխաղացում է եղել, քայլեր են ձեռնարկվում հակառակորդի որևէ հաջողություն թույլ չտալու ուղղությամբ, պաշտպանության բանակի ուժերը հետ են շպրտում հակառակորդին, դիրքավորում է ընթանում: Հակառակորդը երկու շաբաթում կրառել է իր ողջ հզորությունը՝ ավիացիա, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ՝ Թուրքիայի անմիջական ու անվերապահ աջակցությամբ. վերջինը Ադրբեջանին զինում է ռազմական տեխնիկայով, F-16 կործանիչներով, հրամանատարությամբ ու աջակցում օդային ղեկավարմամբ: Բացի այդ, Սիրիայից, Լիբիայից զինյալ-ահաբեկիչների տեղակայումը Ադրբեջանում փոխում է հակամարտության համատեքստը: Արցախը վերջին երկու շաբաթում ցույց է տվել, թե ինչ է նշանակում պաշտպանությունն ու ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքն ու պատմական հայրենիքը»,- ընգծել է Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում հումանիտար հրադադարի վերաբերյալ համաձայնության կայացման հարցում բարձր է գնահատել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դերը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հոկտեմբերի 18-ին, ժամը 00:00-ից կհաստատվի մարդասիրական զինադադար. Վահրամ Պողոսյան
Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաս...
Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչեցին. Ժնևի հարվածը Ադրբեջանին
Ժնևի քաղաքային խորհուրդը երեկ 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու,...
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Արցախ ուղարկվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներին
Ռուսաստանի Օդատիեզերական ուժերը պատրաստվում են զանգվածային հարված հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ահաբեկի...
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը, որի ընթացքում Հայ...