Պուտինը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացում թույլ չտալու համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Կրեմլից հաղորդել են, որ երկու պետությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ  Պուտինը կոչ է արել ձեռնարկել բոլոր քայլերը ԼՂ-ում առճակատման սրացումը թույլ չտալու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցով՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման առնչությամբ Լավրովն ինտենսիվ շփումներ է ունենում՝ նպատակ ունենալով կողմերին դրդել կրակի դադարեցման և բանակցություններ սկսելուն, որպեսզի իրավիճակը կայունանա»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն կոչ էր արելանհապաղ դադարեցնել կրակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:

Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի ուղղությամբ օդային և հրթիռային հարձակում է սկսել։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ։ Մարտերը շարունակվում են։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը տեղեկացրել է, որ հակառակորդը հրետանակոծություն է սկսել շփման գծի ողջ երկայնքով, հրետանակոծվում են խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։

«Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել: Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ մեր պատասխանը լինելու է համաչափ, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը և անձամբ Իլհամ Ալիևը»,-գրել է նա:

Հարձակման մասին տեղեկացրել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ ՊԲ-ն հաջողությամբ ՊԲ-ն հաջողությամբ դիմակայում է հարձակմանը, կոչ է արել հետևել պաշտոնական լրահոսին ու ամուր կանգնել պետության ու բանակի թիկունքին։