Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես ադրբեջանցի որևէ պաշտոնյայի հետ որևէ հարց չեմ քննարկել. Արսեն Խառատյան

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկատվությունը, թե Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ:

«Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է:

Ալիևի անձնական օգտագործման հաքքինազ-ը հերթական սուտ ու կեղծ տեքստն է հրապարակել, այս անգամ մտացածին պատումներ ներկայացնելով իմ անվան շահարկմամբ: Այսպես` իբր ես, 2018-ին գաղտնի բանակցություններ եմ վարել ադրբեջանցիների հետ:

Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:

Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում, պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած «Ալ Ջազիրայի» հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո Ալիևի որոշ պաշտոնյաներ դեռևս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:

Ի դեպ, այդ օրը շատ հեռու չէ...»,- գրել է Խառատյանը:

Ավելի վաղ ադրբեջանական haqqin.az-ը տեղեկություն էր հրապարակել, թե 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին`առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ, և այդ ընթացքում թողել է վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանն, ըստ աղբյուրի, նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ձևաչափով, Հայաստանի նոր կառավարությունն էլ իբրև պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը:

Քաղաքականություն