Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ բարձրաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացման ժամանակ Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության մասին:
«Հուլիսյան սրացման ընթացքում միջազգային հանրության կողմից հնչող կոչերը հիմնականում վերաբերում էին հրադադարի ռեժիմի պահպանմանը, երկխոսությանը և կողմերի զսպմանը: Հարևան տարածաշրջաններում իր ազդեցությունն ընդլայնելու ապակայունացնող քաղաքականությանը միանգամայն համահունչ՝ Թուրքիան, այդուհանդերձ, ջանք ու եռանդ չխնայեց Հարավային Կովկասում ևս լարվածությունը մեծացնելու համար, այդ թվում՝ Միջերկրածովյան Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Ադրբեջանին իր միակողմանի աջակցությամբ և այնտեղ ռազմական ներկայության ընդլայնմամբ՝ Թուրքիան վիժեցնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերը, ինչպես նաև այդ նպատակին ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունները:
Թուրքիան ուղղակիորեն սպառնում է Հայաստանին և ցուցադրաբար մարտաշունչ կեցվածք դրսևորում՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անմիջական հարևանությամբ Ադրբեջանի հետ անցկացնելով սադրիչ բնույթի համատեղ զորավարժություններ:
Թուրքիան իր քաղաքականությունը կառուցում է մեր տարածաշրջանում ազգակցական ավանդույթների, հակամարտությունների շահագործման, Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության վրա: Թուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար:
Այս համատեքստում, Հայաստանը կշարունակի ակտիվորեն ներգրավվել տարածաշրջանային և միջազգային ջանքերում՝ երկխոսության և համագործակցության միջոցով խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու համար:
Ձերդ Գերազանցություններ,
Չնայած այս տարի մեր առջև ծառացած մարտահրավերներին, Հայաստանը շարունակում է ներգրավված լինել խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային գործողություններում: Լիբանանում, Մալիում, Կոսովոյում և Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահները նպաստել են այնտեղի անվտանգությանն ու կայունությանը: Մենք պատրաստ ենք ընդլայնել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականցվող խաղաղապահ գործողություններին:
Տիկնայք և պարոնայք,
Հայաստանը կարևորում է Կայուն զարգացում-2030 օրակարգի արդյունավետ իրականացումը:
2020 թ․ի հուլիսի 10-ին Հայաստանը ներկայացրեց Կայուն զարգացման նպատակների իր երկրորդ կամավոր ազգային զեկույցը: Այս տարվա Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի թեման՝ Արագացված գործողությունները և փոխակերպման ուղիները, կատարելապես արտացոլում է 2018-ի Ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի հռչակած ազգային առաջնահերթություններն ու քաղաքականությունը:
Ունենալով ժողովրդի լիարժեք աջակցությունը՝ մեր կառավարությունը վճռական է իրականացնելու բարեփոխումների իր հավակնոտ օրակարգը, որը միտված է պետական հզոր հաստատությունների միջոցով մրցունակ և ներառական ժողովրդավարական հասարակության կառուցմանը: Բարեփոխումների օրակարգը ներառում է հասարակական կյանքի յուրաքանչյուր ոլորտ՝ շեշտը դնելով մարդու իրավունքների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, անկախ դատական համակարգի և պետական կառավարման բարելավման վրա:
Մենք հետամուտ ենք լայնածավալ տնտեսական և սոցիալական զարգացման օրակարգին՝ ապավինելով տեխնոլոգիական, բնապահպանական և կրթական բարձր չափանիշների: Այս շաբաթ մեր կառավարությունը շրջանառության մեջ դրեց Մինչև 2050 թվականը Հայաստանի փոխակերպման ռազմավարության նախագիծը, որում թվարկված են 16 գերնպատակներ՝ խարսխված արդիականության և առաջընթացի համարձակ տեսլականի վրա:
Տիկնայք և պարոնայք,
Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մեզ ստիպում է ընդունել մարդկային արժանապատվության և մարդու իրավունքներին սպառնացող բազմաթիվ մարտահրավերների առկայությունը: Որպես Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը շարունակելու է մեծապես նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և ամրապնդմանը միտված միջազգային համագործակցությանը:
Ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը կարևորում է բոլոր քաղաքացիների իրավահավասարությունը և կանանց ու երիտասարդների ակտիվ մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին:
Հակամարտության գոտիներում կանանց իրավունքների պաշտպանությունը և իրենց մասնակցությունը հակամարտության լուծման բոլոր փուլերին կարևոր նշանակություն ունեն: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի դրույթների կիրարկումը մեր կառավարության կարևորագույն գերակայություններից է:
Ցեղասպանությունների կանխարգելումը մշտապես բացարձակ առաջնահերթություն է եղել Հայաստանի համար: Որպես ցեղասպանության սարսափներ վերապրած ժողովուրդ՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մարդկության առջև` պահպանելու ցեղասպանությունների զոհերի հիշատակը և նպաստելու այդ սարսափելի ոճիրի կրկնության կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
Մենք բարձր ենք գնահատում արդյունավետ կանխարգելման միջազգային օրակարգի առաջ մղմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ Մարդու իրավունքների խորհրդի միջոցով միջազգային հանրության արտահայտած աջակցությունը:
Հայաստանն աջակցում է ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի վերաբերյալ կառավարությունների, խորհրդարանների, միջազգային կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության միջև ներառական երկխոսության հարթակների ստեղծմանը: Հայաստանում պարբերաբար անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության գլոբալ ֆորումը» դարձել է երկխոսության այդպիսի հերթական հարթակը:
Ձերդ գերազանցություններ,
Միավորված ազգերի կազմակերպության 75-ամյակը պատեհ առիթ է վերահաստատելու խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների երեք փոխկապակցված հիմնասյուների կարևորությունը:
Ընթացիկ հակամարտությունները, արմատականության և անհանդուրժողականության շարունակական առկայությունը, անդրազգային և համամոլորակային մարտահրավերները բացահայտում են մեր հավաքական թուլություններն ու փոխկախվածությունը:
Ինչպես միշտ, մեզ անհրաժեշտ է արդյունավետ բազմակողմանիություն և հետևաբար, ուժեղ և բարեփոխված Միավորված ազգերի կազմակերպություն՝ գալիք սերունդների համար ավելի լավ ապագա, խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարար...