COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ, անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պայքարին:
«Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք,
Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները:
Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը:
Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո:
Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում:
Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:
Ճիշտ այդպես էլ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության:
Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս
Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհին չկարողացավ զսպել լացը` զոհերի մասին խոսելիս:
Զոհված համարվող ևս 3 զինծառայող ողջ են. անուններ
Եվս մեկ անգամ հայցելով մեր զինծառայողների հարազատների ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ զինծառայողներ Հակոբ Բենիկի Զ...
Ջրամատակարարումը ժամով չի դառնալու. տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. «Վեոլիա Ջուր»
Օրերս լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ՀՀ մարզերի և մայրաքաղաք Երևանի որոշ հասցեներում ջրամատակարար...