Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի, ինքնաթիռում թաքուն շշից խմեցի. Նավալնին՝ Պուտինին

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին  ֆեյսբուքյան իր  էջում սարկազմով անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  խոսքերին, որում նախագահը հայտնել էր, որ Նավալնին կարող է ինքը կուլ տված լինի այդ թույնը:

«Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկերոջն ասել է. «Նավալնին, հնարավոր է, ինքն է կուլ տվել թույնը»: Լավ տարբերակ է: Կարծում եմ՝ դա արժանի է մանրակրկիտ ուսումնասիրության: Խոհանոցում «Նովիչոկ» պատրաստեցի: Ինքնաթիռում թաքուն շշից խմեցի: Կոմայի մեջ ընկա: Դրանից առաջ համաձայնության եկա  կնոջս, ընկերներիս և գործընկերներիս հետ, որ եթե առողջապահության նախարարությունը պնդի, որ ինձ տեղափոխեն Գերմանիա բուժման, նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա դա անել: Մեռնել Օմսկի հիվանդանոցում և հայտնվել Օմսկի դիահերձարանում, որտեղ կգրանցվեր մահվան պատճառը` «բավականաչափ ապրել է». դա է իմ խորամանկ ծրագրի վերջնական նպատակը:
Բայց Պուտինը գերազանցեց ինձ: Նրան այդքան հեշտ չես խաբի: Արդյունքում ես հիմարի պես 18 օր կոմայի մեջ պառկած էի, բայց չհասա նպատակիս: Սադրանքը ձախողվեց»,-գրել է Նավալնին:

Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են:

Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

 

Արդեն երեկ Ալեքսեյ Նավալնին դուրս է գրվել Բեռլինի «Charite» կլինիկայից, բժիշկները հնարավոր են համարում նրա լիարժեք ապաքինումը: Այս մասին նշված է կլինիկայի հայտարարության մեջ:

«Ալեքսեյ Նավալնին, ով «Charite» կլինիկայում բուժվում էր 2020-ի օգոստոսի 22-ից, դուրս է գրվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

 

Քաղաքականություն

Պատահարներ