Հասարակություն

Չձեռնարկվող քայլերի արդյունքում ժամանակի հետ Սևանա լճի ծաղկման տևողությունը երկարում է. Վարագյան

WRed 108 դիտում
Չձեռնարկվող քայլերի արդյունքում ժամանակի հետ Սևանա լճի ծաղկման տևողությունը երկարում է. Վարագյան

«Կանաչ ապագա» շարժումը դեռ հուլիս ամսից պնդում էր, որ Սևանի «կանաչումը» ամռան ամիսներով չի ավարտվելու, և աշնանը սպասվում է Սևանի «կանաչման» երկրորդ փուլը: Հազար ու մի մասնագիտական հիմնավորում ներկայացրեցինք, բայց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ինչպես պետության կառավարման մյուս ոլորտները, այս մեկը նույնպես անուշադրության մատնեց ու «գցեց ոտքին»: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

«Ի՞նչ է նշանակում, որ Սևանը սկսել է «կանաչել» նաև աշնան ամիսներին: Բացատրեմ. սա վկայում է իրավիճակի վատթարացման և լճի ճահճացման գործընթացի շարունակության մասին: Չձեռնարկվող քայլերի արդյունքում ժամանակի հետ լճի ծաղկման տևողությունը երկարում է: Շրջակա միջավայրի նախարարի մասնագիտական գիտելիքների և ներկայիս իշխանության երկրի նկատմամբ պատասխանատվության բացակայության պատճառով է, որ երկրում այս չափի կարևորություն ունեցող հարցին գիտական ու փորձագիտական մոտեցում չի ցուցաբերվում: Կա հակառակ գործելաոճը` անսպառ շոուներ ու ճռճռան խոսքեր:

Մինչդեռ թե մենք` «Կանաչ ապագա» շարժումը, թե այլ մասնագիտական բնապահպանականան կազմակերպություններ բազմիցս բարձրաձայնել են, որ առաջնահերթ պետք է լուծվի ֆոսֆորի հարցը:

Պետք է կրճատվի լիճ մտնող ֆոսֆորի քանակը՝ ճահճացումից խուսափելու համար: Իսկ սրա աղբյուրները կեղտաջրերն են և հանքային պարարտանյութերը, որոնք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ` իրենց մեջ պարունակելով շատ մեծ քանակությամբ ազոտ և ֆոսֆոր, որոնք էլ վերջնարդյունքում հայտնվում են Սևանում ու բառի բուն իմաստով լճի ոչնչացման պատճառ են դառնում:

Հավատացնում եմ` Սևանի հիմնահարցը չափազանց լուրջ է: Ժամ առաջ կոնկրետ և կտրուկ լուծումներ են պահանջվում: Հիմա գերխնդիրը կենսաբանական մաքրման կայանների ստեղծումն է, ոչ թե քարաշեն կառույցների ապամոնտաժումը, այն էլ` պոպուլիստական նկատառումներից ելնելով:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` եթե անգամ ամենավերջին կառույցը ափամերձ տարածքից ապամոնտաժվի, միևնույն է Սևանը «կանաչելու է»: Օր առաջ, ժամ առաջ պետք է լուծվի կենսաբանական մաքրման կայանների հարցը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250