29 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորը ծայրահեղ քայլի է դիմել՝ ոտքերը մեխել է հատակին. պաշտպան

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր Տիգրան Բադալյանը, ով արդեն 29 օր հացադուլ է իրականացնում, այսօր ծայրահեղ քայլի է դիմել. նա մեխել է ոտքերը խցի հատակին. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Կարլեն Ավագյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ հացադուլի և ջրադուլի մեջ գտնվող Տիգրան Բադալյանը ինքնավնասում էր կատարել`կարել էր բերանը և կտրել դաստակի երակները: 

Փաստաբանի փոխանցմամբ`Տիգրան Բադալյանի քրեական գործի շրջանակներում բազմաթիվ անհասկանալի գործողություններ են ընթանում, պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեր, սակայն  Քննչական մարմինները որոշել են գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկել դատարան: Նրա պնդմամբ` նմանատիպ արարքներ կատարած անձիք, որոնց մեղքը ապացուցված է, գտնվում են ազատության մեջ, իսկ Տիգրան Բադալյանի նկատմամբ խափանման միջոցը մինչ օրս չի փոխվել.

«Սկզբնական շրջանում նրա նկատմամբ գրավ էր կիրառվել և որևէ խախտում տեղի չունենալով Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց, որ պաշտպանյալս պետք է կալանավորվի: Պաշտպանյալս իր գործին հանրային ուշադրությունը ուղղելու համար նմանատիպ քայլի է դիմել և հացադուլ և ջրադուլ հայտարարել` նկատի ունենալով դատարանի տրամադրվածությունը սույն գործի նկատմամբ: Պատրաստվում եմ մինչև Եվրոպական դատարան բողոքարկել, եթե Հայաստանի ներպետական արդյունքը մեզ գոհացուցիչ չլինի»:

Փաստաբանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 25-ին պաշտպանական ճառը կիրականացվի, որից հետո դատավորը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

«Գրեթե բոլոր դատական նիստերին նույն հիմքով ներկայացվել է, որ  պաշտպանյալս գտնվի ազատության մեջ`խափանման միջոցը փոխվի և շարունակվի դատաքննությունը, սակայն բոլոր միջնորդությունները անհիմն լինելու պատճառաբանությամբ մի տողով գրել և մերժել են: Այս քայլը ոչ թե դատարանի վրա ճնշում է այլ, այն, որ, եթե գործերը քաղաքական բնույթի չեն՝ անուշադրության են մատնված և հասարակ քաղաքացուն շահերը դժվար են պաշտպանվում:

Պաշտպանյալս պատաստ է մահանալ, բայց իր արդարարությունը ապացուցի, սակայն բոլորս հասկանում ենք, եթե մի բան տեղի ունենա նրա հետ և հետագայում ատյանները արդարացնեն նրան, դա ոչինչ է»,- նշեց Կարլեն Ավագյանը:

Անդրադառնալով գործի հանգամանքներին փաստաբանը նշեց, որ Տիգրան Բադալյանը իրենց գյուղում հայտնաբերել է մետաղյա թիթեղներ և հանձնել է նույն գյուղում գտնվող մետաղի ընդունման կետ, իր  կարծիքով, անտրամաբանական է, եթե գողություն արած լիներ, մետաղյա թիթեղները նույն գյուղում չէր հանձնի.

«Տուժողները կանչել են նրան իրենց տուն, երբ դեռ քրեական գործ չկար, և հայց չէր ներկայացվել և  Տիգրանը Բադալյանը հայտնել է, որ ինքը գտել է այդ թիթեղները և այդ ժամանակ տուժող կողմը որոշել է, դիմել Ոստիկանություն,  որպեսզի ոստիկանությունը պարզի այդ հանգամանքը: Ոստիկանությունն էլ, հաշվի առնելով որ թիթեղները նրա մոտ է, հիմք է ընդունել, որ ինքը չի գտել և գողացել է»:

Կարլեն Ավագյանը նշում է, որ քրեական դատավարության օրենսգիրքը պաշտպանում է  հասարակությանը հանրային վտանգավոր արարքներից և հասարակությանը պաշտպանում պետական ապարատի ոտնձգություններից, սակայն նախաքննությունը իր խնդիրը չի իրականացրել, և ինքն է  ոտնձգություն իրականացրել հասարակ քաղաքացու նկատմամբ. «Աբսուրդային է նման քրեկան գործը մեղարական եզրակացությամբ,  ապացույցների նման բազայով ուղարկել դատարան:  Ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ իրականացվում է մեկը մյուսի շահերի սպասարկում, դատախազություն, Քննչական մարմիններ, դատական մարմիններ»:

Հիշեցնենք, որ Տիգրան Բադալյանը մեղադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասով 1.1 կետով, գողություն՝ բնակարանի ապօրինի մոտք գործելու համար:

Քաղաքականություն

Պատահարներ