Կա հանրային մեծ դժգոհություն և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնել. Իվետա Տոնոյան
Րոպեներ անց ԱԺ-ում կմեկնարկի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Սակայն մինչ այդ արդեն նախորդ ժամին տեղի ունեցավ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների ճեպազրույցը: «ԲՀԿ» խմբակցության պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ «Հայրենիք» և «ՀՅԴ» կուսակցությունների հետ համատեղ հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք:
Պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ այս երկու քաղաքական ուժերի հետ «ԲՀԿ»-ն արդյունավետ գործակցություն է ծավալում արդեն մի քանի ամիս:
«Հանրահավաքի օրակարգի հետ կապված կհայտնեք առաջիկայում, այս պահին արձանագրում ենք, որ կա հանրային մեծ դժգոհություն և այս երեք քաղաքական ուժերը հնարավորություն են ընձեռում այդ ձայնը լսելի դարձնել»,-ասաց Տոնոյանը:
Ի դեպ, ճեպազրույցի ժամանակ Իվետա Տոնոյանը և Արման Աբովյանը հանեցին իրենց դիմակները:
Պատգմավոր Արման Աբովյանն էլ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, նշել է, որ ոչ միայն Ալիևը, այլև Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները և ռազմական վերնախավը տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է՝ նոր ռազմական սադրանքների գնան:
«Հայտարարություները, որ լսում ենք այս օրերին մտահոգիչ են և մեզ զավեշտալի կարող են թվալ: Իրենք շատ հստակ շարժվում են այդ նախապատրաստական տրամաբանության մեջ»,-ասաց Աբովյանը:
Նա հիշեցրեց օգոստոսին թուրք-ադրբեջանական զորավարժությունները, երբ Նախիջևանի տարածքում մեծ թվով սպառազինություն և զինվորներ տեղակայվեցին և մինչ օրս ոչ մի զինվոր և զինատեսակ դուրս չի բերվել: