Գյումրիում վեճը վերածվել է դանակահարության. վերջինս մահացել է. 25-ամյա մեղադրյալը հետախուզվում է
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի 35-ամյա բնակչի սպանության մի շարք հանգամանքներ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
2020թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Կամոյի փողոցում գտնվող զրուցարանում 35-ամյա տղամարդու կողմից ծեծի ենթարկվելուց և մահակի հարվածներից արյունահոսող մարմնական վնասվածքներ ստանալուց հետո, նույն քաղաքի 23-ամյա բնակիչը, տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Շիրակացի փողոցի 61 թաղամասի պուրակում, նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, գնացել է նշված վայր, որտեղ իրեն ծեծի ենթարկելու հարցի շուրջ վիճաբանել է 35-ամյա տղամարդու հետ և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր հետ նախապես վերցրած դանակով հարվածել նրա ձախ զստափոսի շրջանին՝ պատճառելով կտրած-ծակած մարմնական վնասվածք: Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 23-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Գյումրի քաղաքի մեկ այլ բնակիչ՝ ծնված 1986թ., նույն օրը՝ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում, վերոնշյալ պուրակում, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, մի քանի մտերիմների հետ տևական ժամանակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ` անցորդների և մոտակա շենքի բնակիչների ներկայությամբ վիճաբանել է Գյումրի քաղաքի մի քանի բնակիչների հետ, որի ընթացքում աղմկել է, բղավել, հայհոյել, բռնություն գործադրել միջադեպի մասնակիցների նկատմամբ, այդ թվում` մահակով, քարերով վնասել նրանցից մեկի «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և դանակի բացահայտ ցուցադրմամբ ոտքով հարվածել դեպքի վայրին կից փողոցի բանուկ հատվածով երթևեկող տրանսպորտային միջոցին, վիրավորել նշված տրանսպորտային միջոցի վարորդին:
Խուլիգանության դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով, որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել. հարազատները թույլ չեն տալիս, որ դին դուրս բերվի ԲԿ-ից
Շենգավիթ ԲԿ-ում ծննդկան է մահացել: Այդ մասին հայտնում է ArmLur.am-ը՝ տեղեկացնելով, որ ծննդականի հղիությունը վարել,...
Հակառակորդի սադրանքի հետևանքով մարտական դիրքում զինծառայող է սպանվել. ՊՆ
Վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը ցուցաբերել է ակտիվությո...