«Զգուշացում աղջիկ վարորդներին. քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել». ահազանգ

Ֆեյսբուքյան օգտատեր Ելենա Զոհրաբյանը ահազանգում է. «Զգուշացում աղջիկ վարորդներին՝ քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել:


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիթիից մի քիչ վերև` մայթեզրի մոտ կայանած սպասում եմ մորս: Այդ ընթացքում մի տաքսի գալիս 5 մմ. հեռավորությամբ կայանում է մեքենայիս հետևում: Ազատ մայթեզրին այդքան մոտ կանգնելը միանգամից ուշադրությունս գրավեց ու տարօրինակ թվաց: 3 րոպե հետո ես տեղիցս շարժվում եմ մի մետր առաջ ու ինչ տեսնեմ՝ տաքսուց 3 հոգի իջել, վազում են, մեկը գոռում է, թե բա շարժվելուց հետ ես եկել ու խփել իմ մեքենային: Ասում եմ, թե  ո՞նց եմ խփել, եթե նախ ես հետընթաց չեմ արել և երկրորդ՝ խփելուց ո՞նց կարող է ես չզգամ: Ցույց է տալիս աջից-ձախից խազված, շիթը տեղից թռած հատվածը ու համոզում, որ ես եմ արել:

 

 Նայում եմ՝ իմ մեքենան իդեալական վիճակում է, ոչ մի խազ չկա: Ասում եմ՝ օկ, զանգենք ԱՊՊԱ, թող գան, ու շատ լավա ստացվել հենց դիմացի խանութի վրա կամեռաներ էլ կան, հիմա կզանգենք տերը կգա կմիացնի, կնայենք: Էս «Օպել»- ի հիստերիկ վարորդն ասում է, թե չի զանգի ԱՊՊԱ, որովհետև ԱՊՊԱ-ն եկավ, հետևից խփողին մեղավոր կհանի: Ու այդ պահին թարսի նման 4 «դզող-փչող»-ա հայտնվում հենց այդտեղ ու բոլորը միաբերան, թե բա՝ քուրիկ ջան, քո օգտի համար փողը տուր, թող էս մարդը չբողոքի: Ասում եմ՝ թող բողոքի, ես էլ թարսի նման բողոքավոր եմ ման գալիս: Մեկը վնասը գնահատում է 50.000 դրամ, հաջորդը 70.000, մյուսը 40.000, ասում ա՝ ինքը կսարքի, ու էդ պահին «տուժող» բայց «սրտացավ» վարորդն, իբրև թե, էնքան սրտից թույլա ու բարի կամք ա դրսևորում, ասում ա՝ արի 15. 000-ով բարիշենք, ես այդքան նագլի մարդ չեմ: Ասում եմ՝ ես էլ բարի եմ, բայց թարսի նման ոչ այդքան, ուստի զանգում եմ ոստիկանություն, թող գան կամեռաները հանեն: Ու այդտեղ էս մաֆիան նստում է ավտոն ու անհետանում հաջորդ զոհի հետևից: Խի եմ այսքան գրում, որ իմանաք՝ կա մի այլանդակ անբանների խումբ` իր «դզող-փչող» կոմպլեկտացիայով, որ գոռգոռալով, աղջիկ վարորդնորի գլխին սարքելով փող են աշխատում: Էն էլ էս անգամ բախտները չբերեց ու փորձեցին իմ նյարդերի հետ խաղալ: Ամեն դեպքում գրում եմ, որ տեղեկացված լինեք ու զգույշ»: