ՌԴ մեկնել ցանկացողները ՔՊԿ գրասենյակի դիմաց պահանջում են սահմանը հատելու հնարավորություն

Մինչ «Քաղաքացիական» պայմանագիր կուսակցության գրասենյակում իշխող ԱԺ «Իմ քայլի» խմբակցության պատգամավորները նիստ էին անցկացնում, զուգահեռ գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները, նրանք հավաստիացնում էին՝ մնալու են այնտեղ մինչև նիստի ավարտը:

Ակցիայի մասնակից քաղաքացիներից Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք կառավարության դիմաց էին անում իրենց ակցիան, պատահական տեսել են, որ այստեղ նիստ է և եկել են: «Կփորձենք այստեղ պատասխաններ ստանալ մեր խնդրի համար, որովհետև տասնյակ օրեր է, ինչ արդեն մենք կառավարության դիմաց ակցիաներ ենք անում, երթ ենք անում, գնում ենք Փաշինյանի դաչա, այնտեղ նստացույց ենք անում, բայց ոչ մի պատասխան չկա»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ նրանց բազմիցս են ասել, որ խնդիրը ընդունող երկիրն է և ոչ թե Հայաստանը, նա պատասխանեց. «Ռուսաստանը որոշ պետությունների հետ արդեն բացել է սահմանը և Հայստանը ԵԱՏՄ անդամ է, ազատ շարժվելու ավելի առավելություն ունի, Հայաստանում ոնց տեսնում եք կորոնավիրուսի թվերը իջել են, ինչը թույլ է տալիս, որ ՀՀ քաղաքացիներն էլ գնան, պետք է ընդամենը բանակցել»:
Արթուր Ոսկանյանն ընդգծեց՝ այս մարդկանց ընտանիքի կեսն այստեղ է, կեսն՝ այնտեղ , չգիտեն՝ ինչպես վերամիավորվել, 7 ամսից ավել երեխան չի տեսել հայրիկին. «Այդ հարցի պտասխանները պետք է տա կառավարությունը, հարգարժան վարչապետը, մենք իրենից խնդրում ենք ինչ-որ ճանապարհ ստեղծեն այս 100-200 հոգիս գնանք: Մենք համաձայն ենք մեր ուժերով ավտոբուսի գումարի փողը տանք, թող այդ ավտոբուսը չկանգնի ոչ մի տեղ և մեզ հասցնեն ՌԴ, ինձ թվում է մեր պետության համար դա մեկ վայրկյանի հարց է»,- ասաց նա:

Հարցին՝ ըստ նրանց՝ կառավարությունը բավարար ջանքեր չի՞ գործադրում իրենց խնդիրը լուծելու համար, նա ասաց. «Մենք ԱԳ նախարարին ցուցակներ տվեցինք, նա մի քանի արտահայտութուն արեց, որոնք մեզ դուր չեկան: Նա մոտեցել էր հասարակ քաղաքացուն, մեզ ասում էր՝ ի՞նչ է խոհանոցային խոսակցություն է, ասում էր՝ ես բացում եմ, գնացեք:

Մի կոպիտ օրինակ բերեմ, ես ուզում եմ մտնել հարևանի տուն, բայց դուռը փակ է, ինչպե՞ս մտնել, պետք է դուռը թակել, բանակցել և հասկանալ՝ հարևանը ընդունո՞ւմ է, թե՞ չէ: Խնդիրն այդտեղ է, բանակցե՛ք, մարդիկ օրհասական վիճակում են տասնյակ տարիների բիզնես են կորցնում, երեխաները, ընտանիքները բաժանվում են»:

Ինչ վերաբերում է նրան, որ այնտեղից կարող են իրենց ընտանիքի մյուս մասին բերել, Արթուր Ոսկանյանը նշեց, որ այստեղ հնարավոր չէ ապրել և վարկ վճարել և որ մարդիկ այնտեղ տարիների գործ ունեն: «Բացի այդ, ինձ թվում է՝ ոչ մեկ չի գա, ես լսել եմ, որ այնտեղ կան արտագնա աշխատողներ, որ իրենց գործը սեզոնային ավարտվել է, վախենում են գան Հայաստան, ՀՀ քաղաքացին վախենում է գա Հայաստան, որովհետև գիտի գալու է մեզ նման գերի ընկնի»,- ասաց նա: