Հրապարակվել է Մինսկում զոհված ցուցարարի մահվան ենթադրյալ պահը պատկերող լուսանկարը

Համացանցում տեսանյութից վերցված կադր է հրապարակվել, որում, ինչպես պնդում է տեսագրության հեղինակ Մստիսլավ Չերնովը, պատկերված է օգոստոսի 10-ին Մինսկում մահացած ցուցարար Ալեքսանդր Տարայկովսկին:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կադրը հրապարակել է Associated Press գործակալությունը: Լուսանկարից, հնարավոր չէ ենթադրություն անել, թե ինչն է դարձել տղամարդու մահվան պատճառ: Associated Press-ի փոխանցմամբ՝ զոհված տղամարդու ընկերուհին կարծիք է հայտնել, որ նրան կրակել են ոստիկանները: Տարայկովսկու հարազատները չեն հավատում պաշտոնական վարկածին, ըստ որի՝ նա մահացել է, երբ ձեռքի մեջ պայթել է ինքնաշեն պայթուցիկը, որը նա պատրաստվում էր նետել ոստիկանների ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Տարայկովսկու հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 15-ին: Նրա հիշատակին բազմահազարանոց ակցիա է տեղի ունենում Մինսկում:

Բողոքի զանգվածային ցույցերը Բելառուսում մեկնարկել էին մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքներից դժգոհ քաղաքացիներն ու ընդդիմադիրները փողոց են դուրս եկել՝ հայտնելու իրենց բողոքը: Ընտրությունների արդյունքների համաձայն՝ ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: