Հասարակություն

Ամուլսարում հրմշտոցի ընթացքում ես չեմ տեսել, որ կանայք գետնին են ընկել. Վայոց Ձորի ոստիկանապետ

WRed 185 դիտում
Ամուլսարում հրմշտոցի ընթացքում ես չեմ տեսել, որ կանայք գետնին են ընկել. Վայոց Ձորի ոստիկանապետ

Ամուլսարում ակցիա իրականացնող քաղաքացիներից 6-ը բերման են ենթարկվել: Այս մասին Ամուլսարում ընթացքող բողոքի ակցիայի ընթացքում լրագրողներին հայտնեց Վայոց Ձորի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը:

Նա, անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքում բռնի ուժ է կիրառվել, նաև կանայք են գետնին ընկել, ասաց.

«Հրմշտոցի ընթացքում, երբ փորձ է արվել հասարակական կարգը պահպանել, ես չեմ տեսել, որ կանայք գետնին են ընկել, բայց հնարավոր է՝ նման իրավիճակ էլ առաջացած լինի: Համենայն դեպս, դրանում ոչ մի դիտավորություն չկա, ոստիկանական ուժերն  ընդամենը փորձել են կատարել իրենց գործառութային պարտավորությունները՝ օրենքով սահմանված կարգով»:

Ազիզյանը նշեց, որ երբ քաղաքացին չի ենթարկվում պահանջներին, նրա նկատմամբ կիրառվում է հարկադրանքի միջոց: Հարցին՝ արդարացվա՞ծ է հարկադրանքի միջոցը, Ազիզյանն արձագանքեց՝ նման իրավիճակում՝ այո:

Հարցին՝ Ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է անելու, Ազիզյանը պատասխանեց, թե հասարակական կարգն է պահելու, փորձելու է հանդարտեցնել իրավիճակը, հսկողություն է իրականացնելու, որ որևէ անօրինական արարք տեղի չունենա, հորդորելու է պահպանել պարետի որոշումները: Դիտարկմանը, թե ճանապարհը շարունակում է փակ մնալ, և հարցին՝ Ոստիկանությունը որևէ գործողություն իրականացնելու է, Ազիզյանը պատասխանեց. «Հաշվի առնելով իրավիճակը այս պահին՝ ընդամենը հետևելու ենք ու հորդորելու ենք քաղաքացիներին ճանապարհը բացել»:

Դիտարկմանը, թե տպավորություն է, որ Ոստիկանությունը մեղավորություն է զգում ակտիվիստ Արթուր Գրիգորյանի ոտքը վնասելու համար, այդ պատճառով չեզոքություն է դրսևորում, Ազիզյանն արձագանքեց, թե ոչ մի մեղավորություն չկա, որովհետև իր գնահատմամբ՝ դա պատահականություն է եղել՝ դժբախտ պատահարի ընթացքում:

Նա նաև նշեց, որ եթե արձանագրվի, թե անհամաչափ ուժ է կիրառվել, կիրառողները կպատժվեն:

Հարցին՝ նա քննարկման հեռանկար տեսնու՞մ է, Ազիզյանն արձագանքեց. «Իհարկե: Ես բազմիցս ներկա եմ գտնվել այս քաղաքացիների ակցիաներին, շփվել ենք:

Բոլորը ողջամիտ, գիտակից մարդիկ են, որոնք ունեն որոշակի պահանջներ: Պահանջներին չեմ կարող գնահատական տալ, որովհետև ծառայության մեջ եմ»:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից