Լուկաշենկոն ԱԽ արտակարգ նիստ է անցկացրել «Վագների» խմբի 32 ռուս անդամների ձերբակալության հարցով
Բելառուսի Անվտանգության խորհուրդը հաղորդել է, որ ՌԴ ձերբակալված քաղաքացիների առնչությամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություն կազմակերպելու հիմքով: Նշենք, որ ձերբակալվածները 32-ն են, որոնց թվում կան նաև ուկրաինական անձնագրեր ունեցողներ, ըստ Բելառուսի ուժայինների ձերբակալվածներն անդամակցում են «Վագների խումբ» մասնավոր զինված կազմակերպությանը:
Ինչպես արդեն հայտնել էինք, Բելառուսում երեկ երեկոյան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անվտանգության խորհրդի հրատապ նիստ էր անցկացրել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել երկրում իրադրությունն ապակայունացնելու կասկածով 32 ռուսաստանցու ձերբակալման մասին:
Ավելի վաղ պարզվել էր, որ ձերբակալվածները հուլիսի 24-ին տեղավորվել են Մինսկի հյուրանոցներից մեկում, այնուհետև տեղափոխվել քաղաքից ոչ հեռու գտնվող մի առողջարան: Խումբը առողջարանի անձնակազմի ուշադրությունը գրավել է զբոսաշրջիկներին ոչ բնորոշ վարքագծով և զինվորական ոճի միանման հագուստով: Խմբի անդամները ոգելից խմիչք չեն օգտագործել, զվարճանքի հաստատություններ չեն հաճախել և փորձել են ուշադրություն չգրավել: Արդյունքում խմբի անդամներին ձերբակալել են հատուկ նշանակության ուժերը:
«Վագները» զինվորական մասնավոր ընկերություն է, որն, ըստ տեղեկությունների, գործել է Ուկրաինայի տարածքում, այնուհետև Սիրիայում:
«Ինտերֆաքսը» հայտնել էր, որ ձերբակալվածներից ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել: Նրանց մոտ արգելված իրեր չեն եղել, իրենք որևէ օրենք չեն խախտել: Հարցաքննությունից հետո նրանց հանցագործության բնույթը չէր հաջողվել պարզել: Նշվում էր, որ ձերբակալված ռուսաստանցիներից որոշների մոտ նաև ուկրաինական անձնագրեր են եղել: