«Դեժավյո՞ւ. Կարսի ու Մոսկվայի պայմանագրերի 100 տարվան ընդառաջ, Սևրի 100-ամյակից 10 օր առաջ»․ Արսեն Խառատյան

 

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարավային Կովկասի քաղաքական աշխարհագրությունը ձևավորած ռուս-թուրքական Կարսի և Մոսկվայի պայմանագրերի 100-րդ տարեդարձին, իսկ ավելի ճիշտ կլինի ասել տարելիցին ընդառաջ, Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ու հնարավոր առաջիկա զարգացումները մի շարք հարցերի տեղիք են տալիս:

- Արդյո՞ք այս, այսպես կոչված զորավարժությունից հետո թուրքական կայազոր է մնալու Նախիջևանում:

- Հաշվի առնելով, որ սա նաև Իրանի հետ սահմանն է, ի՞նչ մոտեցում ունի խնդրի շուրջ Թեհրանը:

- Տեղի ունեցածն ինչպե՞ս է փոխում Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Նախիջևանի շուրջ ռուս-թուրքական համաձայնությունները:

- Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից արդյո՞ք պետք է ենթադրել, որ տարածաշրջանում հարց լուծողները Մոսկվան և Անկարան են դառնում, ինչպես 100 տարի առաջ:

- Արդյո՞ք Հայաստանի շահերից է բխում ռուս-թուրքական դուոյի միջոցով խնդիրները լուծելը, թե` որպես հակակշիռ պետք է ջանքեր ներդնել Արևմուտքի ներգրավման ուղղությամբ:

Այս ու նմանատիպ շատ հարցեր է՛լ ավելի ակտուալ են դառնում, հաշվի առնելով գործընթացների արագ ընթացքը, ուստի առանց խուճապի, պետք է պատրաստ լինել հնարավոր բոլոր զարգացումներին:

Ի դեպ, օգոստոսի 10-ին լրանում է Սևրի պայմանագրի 100-ամյակը: Սա լավ առիթ է պայմանագիրն ստորագրած երկրներին հիշեցնելու իրենց ստանձնած պարտավորությունների մասին` այս կերպ նաև ներգրավելով նրանց տարածաշրջանային գործընթացներում»:

Պատահարներ