Նոր մանրամասներ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի զանգվածային ծեծկռտուքից

 Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են երեկ, հուլսիսի 27-ին, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մասնակիցների և վիրավորների ինքնությունը։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը։

 

Պարզվել է, որ այդ օրը ժամը 15։30-ի սահմանում Զարթոնքի համայնքապետի տեղակալ 36-ամյա Սուրեն Պողոսյանը, նույն գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Սիրեկան Պողոսյանը, 51-ամյա Համլետ Աբովյանը և 35-ամյա Սերյոժա Եփրեմյանը Զարթոնք գյուղի առաջին փողոցի 32 հասցեում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Զարզանդ Բախչագուլյանի, 31-ամյա Մխիթար Սարգսյանի, 54-ամյա Թորոս Բախչագուլյանի, 25-ամյա Սամսոն Հովսեփյանի, 30-ամյա Նարեկ Մելքոնյանի, 36-ամյա Նշան Սարգսյանի, 28-ամյա Արգիշտ Մելքոնյանի և 67-ամյա Պարույր Սարգսյանի միջև տեղի է ունեցել վիճաբանություն և ծեծկռտուք, որի ժամանակ ծեծկռտուքի մասնակիցներն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով մարմնական վնասվածքներ են հասցրել Հ․ Աբովյանին, Սուրեն և Սիրեկան Պողոսյաններին և Ս․ Եփրեմյանին, ինչպես նաև՝ վնասել են Սուրեն Պողոսյանին պատկանող VAZ 21099 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան։

 

Ըստ աղբյուրի՝  ժամեր անց «Մեծամոր» ԲԿ-ից ոստիկանության Մեծամորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի մազածածկույթի շրջանի բազմակի քերծվածքներ, վնասվածքներ, թիկունքային մակերեսի սալջարդ, ձախ ծնոտի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ, ստորին վերջույթի բազմակի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Զարթոնք գյուղի բնակիչ 52-ամյա Խաչատուր Աբովյանը, որը հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ՝ Մխիթար Սարգսյանի կողմից գարեջրի տարայով իրեն հարվածելու հետևանքով։ Սուրեն և Սիրեկան Պողոսյանները, Հ․ Աբովյանն ու Ս․ Եփրեմյանը նույն օրը ժամը 17։10-ին բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են «Մեծամոր» ԲԿ։ Մ.Սարգսյանը, Թ.Բաղչագուլյանը, Ս.Հովսեփյանը, Ն.Մելքոնյանը, Ն.Սարգսյանը, Ա.Մելքոնյանը, Պ.Սարգսյանը և Զ. Բաղչագուլյանը բերման են ենթարկվել բաժին, դեպքի կապակցությամբ տվել են բացատրություն և բաց թողնվել: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Զարթոնքի գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանը հուլիսի 27-ին գյուղում իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել, դիմել բուժօգնության։

«Նախկին գյուղապետն էր նաեւ ներկա։ Հենց ինքը էլի Խաչիկի հետ խոսակցության բռնվելով, խափս տվեց ու տարան սկսեցին խփելը։ Այդտեղից կռիվը սկսվեց, թե չէ խոսակցություն էր գնում։ Տուժել ենք ես, եղբայրս ու մեզ օգնության եկած մի քանի հոգին։ Սերյոժա Եփրեմյանի չորս կողոսկրերը ջարդած է, քարով էին խփել, Համլետը, որն իր տղայի հետ հասավ ինձ փրկելու, իր գլուխն է կոտրվել։ Խաչատուր Աբովյանին տրուբեքով դաժան ծեծել են։ Ծեծը ո՞րն է, երևի թուրքն էդպիսի բան չէր անի։ Հետևիցս այնպես են հարվածել՝ գիտակցությունս կորցրած ընկել եմ գետնին։ Նարեկ ու Արգիշտի Մելքոնյանները, Մխթար Սարսգյանը ընկածս տեղը տրուբեքով, արմատուրեքով ինձ հարվածել են, մեր տղերքն են հազիվ հասցրել՝ փրկել։ Գլխիս վրա եմ վնասվածք ստացել, 8-10 կար են դրել, թևս է կոտրվել, կողքերս են ցավում»,-   NEWS.am-ի հետ զրույցում միջադեպի մանրամասներն էր ներկայացրել  Սուրեն Պողոսյանը՝ նշելով, որ բոլորն էլ հիվանդանոցից դուրս են գրվել։

Սուրեն Պողոսյանի խոսքով՝ միջադեպի պատճառները արդեն մեկուկես տարվա պատմություն ունեն։ Ըստ նրա՝ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը չի համակերպվում այն մտքի հետ, որ այլևս ինքը գյուղապետ չէ և փորձում է վրեժխնդիր լինել։