
Մեկի ծնոտն է կոտրվել, մյուսի՝ գլուխը. Զարթոնքի գյուղապետը՝ երեկվա միջադեպի մասին

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. մի խումբ անձինք, ովքեր նախկին գյուղապետի համախոհներն են, հարձակվել ու ծեծի են ենթարկել գյուղապետի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Զարթոնքի համայնքապետ Սամվել Աղաջանյանը նշել է, որ իր տեղակալը հիվանդանոցում է.«Համակարգչային տոմոգրաֆիա են արել (Կատե), կասկածում էին, թե ձեռքն է կոտրվել, բայց՝ ոչ, գլուխն է կոտրվել, կարել են գլուխը, բայց դեռ հիվանդանոցում է։ Հարձակվել են ևս 5 հոգու վրա։ Մեկի ծնոտն է կոտրվել, մեկի գլուխն է կոտրվել, մյուսի ողնաշարին են շատ ուժեղ հարվածել, մեկն էլ Մեծամորի հիվանդանոցում պառկած է, իրեն շատ են ծեծել, իր վիճակը վատ է»։ Այս մասին տեղեկանում ենք ArmDaily.am-ից:
Նկատառմանը, որ Սուրեն Պողոսյանը shamshyan.com-ի հետ զրույցում նշել էր, որ նախկին գյուղապետ Պարույր Սարգսյանը պարտվել է ընտրություններում, ընտրվել ինքը, և հիմա նախկինների թիմակիցները պայքարում են իրենց դեմ, ու անընդհատ միջադեպեր են ստեղծում, անգամ դանակահարություն է եղել, համայնքապետը նշեց, որ սա առաջին դեպքը չէր. «Շատ են եղել նման դեպքեր։ Դիմել ենք ոստիկանություն, բայց հարցին լուծում չի տրվել։Նյութերը գնում են համապատասխան քննչական բաժին, ու էնտեղ վերջանում է»։
Հարցին՝ անձամբ իր կամ ընտանիքի անդամների վրա հարձակումներ երբևէ եղե՞լ են, գյուղապետն ասաց, որ՝ ոչ.«Ինձ ու ընտանիքիս անդամների վրա հարձակումներ չեն լինում։ Բայց հարձակումներ էլի եղել են, գլուխ ջարդել, արյուն բերել, նույնիսկ դեպք է եղել երկու կողմից մարդիկ են 4 ամսով կալավորվել»։ Գյուղում այս պահի իրավիճակին անդրադառնալով՝ Աղաջանյանը նշեց, որ ոստիկանությունը հսկողություն է իրականացնում. «Փոխհարաբերական անդորր է»։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ փոխանցել է, որ տվյալ դեպքի առնչությամբ ոստիկանությունը հաղորդում ստացել է.«Բերման է ենթարկվել 8 քաղաքացի, քրեական գործ է հարուցվել, քննություն է ընթանում»։