«Վոթսափում» հայերեն հայտարարում են բախումների մասին ու տեղեկացնում իրավապահներին. ադրբեջանական սադրանքը. Ներսես Ներսեսյան

Հայ–ադրբեջանական հակամարտությունը սահմանից տեղափոխվել է տարբեր երկրների քաղաքներ և գնալով վտանգավոր դրսևորումներ է ստանում։ Վերջին օրերին հայ–ադրբեջանական ընդհարումներ ամենից շատ տեղի են ունեցել Մոսկվայում։ Ռուսաստանի մայրաքաղաքում ադրբեջանական սադրանքների հրահրման մեխանիզմների, դրանց դեմ պայքարի և այլ հարցերի շուրջ NEWS.am–ը զրուցել է ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանի հետ։

 

Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից մի հատված. 

 

Վերջին օրերին Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև մի քանի լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Մտավախություն չունե՞ք, որ ադրբեջանցիների խուլիգանական հարձակումներն ու սադրանքները կդառնան անվերահսկելի և անդառնալի հետևանքներ կունենան։

 

Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ ռազմական ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը սադրանքների միջոցով հակամարտությունը տեղափոխեց նաև երրորդ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնություն։ Այդ սադրանքների և ռազմաշունչ հայտարարությունների տարածմանը մեծապես աջակցեցին նաև սոցիալական ցանցերը։ Տասնյակ ադրբեջանցի բլոգերներ, հիմնականում Բաքվից, առ այսօր հայերի բռնության և ատելության քարոզ են տարածում ադրբեջանցիների և այլ մուսուլման ազգերի շրջանում։ Ռուսաստանաբնակ հայության համար մեծ լարվածության և հուզականության աճի առիթ հանդիսացավ Մոսկվայի ամենախոշոր մթերային շուկայում հայերի կամ հայկական համարներով մեքենաների առևտրային գործունեության արգելքը կամ խոչընդոտը։ Նախադեպ չունեցող ապօրինությունը ողջ Ռուսաստանում հայերի ազգային զարթոնքի առիթ դարձավ։ Հենց այդ համախմբման դեմ է այսօր  պայքարում Ադրբեջանը, այդ համախմբումից է վախենում մեր թշնամին, և վստահաբար կդիմի ցանկացած ստորության՝ Ռուսաստանում հայերի հանդեպ վերաբերմունքը փոխելու, տնտեսական լծակները խափանելու, Հայ հասարակական֊քաղաքական գործիչներին, այդ թվում՝  ազդեցիկ լրագրողների, արվեստի գործիչների, հեղինակազրկելու համար։ Հարկ է նշել, որ Ռուսաստանը բազմազգ երկիր է երբեք թույլ չի տա իր երկրում նմանատիպ սադրանքների, օրենքի կոպիտ խախտմամբ ազգամիջյան բախումների հրահրումը՝ քանի որ այն կարող է ընդլայնվել ու սպառնալ հենց Դաշնության անվտանգությանը։ Մենք վստահ ենք, որ թե Ռուսաստանի իշխանությունների կոշտ միջոցները, թե հայկական կազմակերպությունների ջանքերը կտան իրենց արդյունքը և կարճ ժամանակահատվածում կկանխվեն ադրբեջանական սադրանքները, իսկ բոլոր մեղավորները կկրեն արժանի պատիժ։

 

Սադրանքների հրահրման ի՞նչ մեխանիզմներ են գործի դնում մոսկվաբնակ ադրբեջանցիները։

 

Ադրբեջանցիները հիմնականում սադրանքների հրահրման երկու մեխանիզմ են օգտագործում։ Առաջինը՝ հավաքվում են որևէ ադրբեջանական ռեստորանում կամ հավաքատեղիում, այնուհետև «Վոթսափ»–յան խմբերի մեջ տեղեկատվություն տարածում, որ կոնկրետ հասցեում հայերի են ծեծում, իսկ իրենք այդ տարածքում դարանակալած սպասում են հարձակման։ Արդեն իսկ նման բախումներ եղել են, և արդյունքում օգնության շտապած հայերից ոմանք տեղորոշվել են և հայտնվել ոստիկանությունում։ Երկրորդ մեխանիզմը, որը երբեմն զուգորդվում է առաջինի հետ, ավելի պարզ է։ Սոցիալական ցանցերով և «Վոթսափ»–յան խմբերում հայերեն լեզվով հայտարարում են բախումների, բռնությունների մասին, նշում կոնկրետ տարածքներ, հասցեներ, այնուհետև այդ մասին տեղեկացնում իրավապահ մարմիններին, որպես հանցագործության մասին հայտարարություն։ Արդյունքում անմեղ մարդիկ ձերբակալվում են կամ հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում, ինչը հետագայում կարող է հանդիսանալ արտաքսման պատճառ։ Սակայն ամենավտանգավոր սադրանքը հայերին որպես ագրեսոր, իսկ ադրբեջանցիներին որպես զոհ ներկայացնելն է, ինչի բացասական ազդեցությունը կզգացվի հետագայում՝ հայերի նկատմամբ ռուս հասարակության վերաբերմունքի փոփոխությամբ։ Այս սադրանքի թիրախը հայերի անվտանգությունն է, ինչը ձեռք է բերվել ռուսահայ համայնքի տասնամյակների բարեխիղճ համակեցության և ունեցած դերի շնորհիվ։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն