1-2 րոպե ժամանակ էր տվել. սա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը. Հայր Զաքարիա. NEWS. am
Վերջին օրերին լայն քննարկումների առիթ է դարձել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից շրջանառության մեջ դրված Հանրակրթության պետական չափորոշիչների մասին նախագիծը։ Ըստ առաջարկվող փոփոխությունների, Հայ եկեղեցու պատմություն առարկան որպես առանձին առարկա չի դասավանդվելու։ Նախատեսվում է, որ 5-6-րդ դասարաններում Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները կներկայացվեն մեկ ինտեգրված առարկայով, այն է՝ Հայրենագիտություն, իսկ 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:
Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի հետ։
Հայր Սուրբ, ի՞նչ մտահոգություններ եւ դիտողություններ ունեք այս փոփոխության վերաբերյալ։ Վտանգներ տեսնո՞ւմ եք։
Քանի դեռ հրապարակված չեն առարկայական չափորոշիչները, չենք ցանկանում առաջ ընկնել եւ կարծիք հայտնել։ Հրապարակվելուց հետո պարզ կլինի, թե ինչպես են դասավանդվելու հայրենագիտական առարկաները։ Այն ժամանակ անպայման մեր կարծիքը կարտահայտենք։
ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նշել է, որ մինչեւ նախագծի հանրային քննարկման դնելը՝ Ձեզ հետ փակ աշխատանքային քննարկում է տեղի ունեցել եւ Ձեզնից ոչ մի գրավոր առաջարկ չեն ստացել։ Ի՞նչ քննարկման մասին է խոսքը, բանավոր ի՞նչ եզրահանգման եք եկել այդ հանդիպմանը։
2020 թ․ հունիսի 11-ին չափորոշիչների առցանց քննարկում է եղել, որին մասնակցել են կրթության փորձագետներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Այդ ժամանակ առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդհանուր փիլիսոփայությունը, եւ ամեն մասնակցի տրվել է 1-2 րոպե ժամանակ ընդհանուր դիտարկումների համար։ Բնականաբար, սա այն ձեւաչափը չէր, որտեղ պետք է քննարկվեր ՀԵՊ առարկայի հարցը։ Քանզի երկուստեք պայմանավորվածություն էր ձեռք բերվել կրթական հարցերը քննարկել 2019 թ․ հունվար 29-ին ստեղծված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի՝ կրթական հարցերով ենթախմբում։
Հնարավո՞ր է այս հարցով կրկին հանդիպում լինի նախարարության կամ գուցե Ազգային ժողովի ներկայացուցիչների հետ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը միշտ պատրաստ է քննարկել մեր ազգին, եկեղեցուն եւ հասարակությանը հուզող ցանկացած հարց՝ ի շահ եւ ի բարօրություն մեր երկրի։ Այս հարցում եւս Մայր Աթոռը դեռ մեկ տարի առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ եւ պատրաստակամություն էր հայտնել՝ քննարկելու առարկայի բարելավման հարցը։