«Մայր Հայաստանի» բաց տարածքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողությունը
Հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի թողարկած և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված նամականիշի մարման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
Նամականիշի մարումն իրականացրին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Նամականիշի վրա պատկերված է գնդակոծված պատ, որի վրա ածխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը:
280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը 40.000 տպաքանակով տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
1992թ.-ից առ այսօր «Հայփոստ»-ը թողարկել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ: