Կներկայացվի բջջային հավելվածի միջոցով տրանսպորտային միջոցով խախտում կատարելու վերաբերյալ հաղորդում տալու կարգը

Ոստիկանությանը պետ Վահե Ղազարյանը վաղը կառավարության նիստում կներկայացնի որոշման նախագիծ, որով նախատեսվում է սահմանել, որ՝

1) պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (այսուհետ՝ բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում,
 

2) բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 43.1-ին հոդվածի 7-րդ մասով, 123.3 հոդվածով` միայն օրենքով նախատեսված դեպքերում սաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանսպորտային միջոցներ վարելու, ինչպես նաև սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղևոր փոխադրելու մասով, 124-րդ հոդվածի 2-րդ, 9-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 21-րդ, 26-րդ, 27-րդ մասերով և 124.3-րդ հոդվածով սահմանված տեսակների իրավախախտումները, հայտնում է iravaban.net-ը: 

 

Որոշումն ուժի մեջ կմտնի բջջային հավելվածը շահագործման հանձնելու օրվանից, բայց ոչ ուշ, քան 2021 թվականի հունվարի 1-ը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երևան քաղաքում (բացառությամբ սահմանված առավելագույն արագությունը գերազանցելու դեպքերի), այն էլ ոչ բոլոր հատվածներում, ինչի արդյունքում զգալի թվով իրավախախտումներ մնում են լատենտային, քանի որ այդ իրավախախտումներն ամբողջությամբ հնարավոր չի լինում նախականխել, կանխել կամ հայտնաբերել նաև ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերին:

Խնդիրն առավել մտահոգիչ է Հայսատանի Հանրապետության այլ բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի բնակավայրերում, միջպետական, հանրապետական ու մարզային և այլ նշանակությամբ ճանապարհներին միաժամանակ և անընդմեջ ապահովվի հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների պահպանման նկատմամբ:


Ստորև ներկայացվում են 2017-2019թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ծառայողների և տեսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված վարչական իրավախախտումների արդյունքում արձանագրված և նշանակված տուգանքների վերաբրյալ տեղեկությունները՝

 

Օրենքի 7.3-րդ հոդվածի համաձայն՝ բջջային հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:

Հավելվածի հնարավորություններից չարամիտ կամ միջանձնային հարաբերություններով պայամանավորված հավելվածն այլ նպատակներով օգտագործելու հնարավոր ռիսկը կանխելու նպատակով նախագծով սահմանափակում է նախատեսվել հավելվածում գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսեկան չի կարող ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում ներկայացնելու մասով։

 

Միաժամանակ հավելվածով սահմանվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված այն իրավախախտումների տեսակները, որոնք հաճախ են հանդիպում իրականության մեջ և ունեն հասարակական բարձր վնասակարություն՝ դրանք բջջային հավելվածի հնարավորություններն օգտագործելու միջոցով հայտնաբերելու հնարավորության հաշվառմամբ։