Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել. վարչապետ
Ես համոզված եմ, որ դուք կկարողանաք ԱԱԾ պրոֆեսիոնալ, ազնիվ ներուժը համախմբել ձեր շուրջը եւ ԱԱԾ-ն նոր հաջողությունների, նոր փառքի եւ նոր իմիջի հասցնել, որը ընդունելի կլինի ՀՀ քաղաքացիների համար եւ ավելի համապատասխան կլինի նոր փոփոխություններին: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին ԱԱԾ-ում նոր տնօրեն Արգիշտի Քյարամյանին ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Եվ ուրախ եմ ներկայացնել ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արգիշտի Քյարամյանին. ուզում եմ ընդգծել, որ ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում:
Ընդ որում, անվտանգության նշանակությունը ժամանակի ընթացքում փոխվում, գալիս են նոր մարտահրավերներ՝ սպսած կորոնավիրուսից, շարունակած տեղեկատվական անվտանգության խնդիրներով, շարունակած քաղաքական անվտանգության խնդիրներով, կոռուպցիայի դեմ պայքարի, այդ գործերի քննության որակի հետ կապված հարցեր պետք է լուծենք:
Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել: Այս առումով պետք է հնչեն շատ կոնկրետ պատասխաններ»,-ասաց Փաշինյանը: