ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել Եղվարդ համայնքի ղեկավարի նկատմամբ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ Ա/Ձ Տիգրան Հովհաննիսյանի դիմումի հիման վրա հարուցված վարույթի քննության արդյունքում Եղվարդ համայնքի ղեկավարի գործողությունները որակվել են որպես հակամրցակցային գործողություն, որի համար վերջինիս նախազգուշացում է տրվել՝ հանձնարարելով հետագայում բացառել օրենքի խախտումները:
Վարույթի քննության արդյունքում մասնավորապես արձանագրվել է, որ Ա/Ձ Տիգրան Հովհաննիսյանը, որը զբաղվում է հանրային էլեկտրոնային ցանցերի կառուցմամբ և ինտերնետ ծառայությունների մատուցմամբ, 2019 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է Եղվարդի համայնքապետարան՝ օպտիկամանրաթելային և FTP հաղորդալարեր անցկացնելու նպատակով համայնքին պատկանող քաղաքային լուսավորության հենասյուները` որպես հենարան, վարձակալության հիմունքներով ստանալու համար, սակայն համայնքապետ Նորայր Սարգսյանը հենասյուների ծանրաբեռնված լինելու պատճառաբանությամբ մերժել է վերջինիս դիմումը, և այն չի ներկայացրել համայնքի ավագանու քննարկմանը:
Այնինչ հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո Ա/Ձ Տիգրան Հովհաննիսյանի կողմից ներկայացված նույնաբովանդակ դիմումը համայնքի ղեկավարն արդեն ներկայացրել է համայնքի ավագանու քննարկմանը, որին 2020 թվականի հունվարի 29-ի թիվ 7 որոշմամբ համաձայնություն է տրվել: Հարկ է նշել, որ այս որոշումը կայացվել է այնպիսի պայմաններում, երբ 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի հունվարի 21-ը հենասյուների ծանրաբեռնվածության գծով փոփոխություններ չեն կատարվել:
Նշված փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում հանձնաժողովը եզրահանգել է, որ Ա/Ձ Տիգրան Հովհաննիսյանի ներկայացրած դիմումի մերժումը եղել է անհիմն և սահմանափակել է վերջինիս կողմից համայնքին պատկանող քաղաքային լուսավորության հենասյուները՝ որպես հենարան, վարձակալության հիմունքներով ստանալու և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով օգտագործելու հնարավորությունը, ինչը հանգեցրել է ձեռնարկատիրական գործունեության սահմանափակման:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։