Քաջարանի բնակչին առևանգելու գործով 3 անձ կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում՝ Քաջարանի բնակչին առևանգելու և այլ դեպքերի առթիվ հարուցված, մեկ վարույթում քննվող քրեական գործով կալանավորվել է 3 անձ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաջարան քաղաքի 4 բնակիչները, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 1330-ի սահմաններում, Քաջարանի Լեռնագործներ փողոցում գործող ավտոկայանատեղիում, բռնություն գործադրելով՝ ոլորելով Շ. Մ.-ի ձեռքերը և բռնելով ոտքերից, նրա կամքին հակառակ մտցրել են Խ. Մ.-ի վարած ավտոմեքենան, առևանգել նրան և տեղափոխել «Աժդանակ» ՍՊ ընկերության տարածք, որտեղ ներկա գտնվող անձանցից մեկը հրացանով կրակել է Շ. Մ.-ի ոտքերին, ծեծել նրան: Այնուհետև «Տոյոտա-Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս տեղափոխել են Ագարակ բնակավայրում գտնվող՝ Ա. Պ.-ին պատկանող առանձնատուն, որտեղ կրկին ծեծել են նրան:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Ա․ Պ․-ի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 5 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանցից 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով նախատեսված հանցագործություններ առերևույթ կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց  կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնցից 3-ը, որոնք վերաբերում են մարդուն առևանգելուն, բավարարվել են:

Նախաքննությունը շարունակվում է:

Քաղաքականություն