Ռազմական ոստիկանները բացահայտել են կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր

ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս ս.թ. մայիսի 19-ին Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել N զորամասի ֆինանսական ծառայության պետը, ով հաղորդում և բացատրություն է տվել, որ 2019 թ. մարտ ամսին իր կնոջը N զորամաս աշխատանքի ընդունելու դիմաց, նույն զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն տվել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որն էլ նշված գումարը փոխանցել է զորամասի հրամանատարին:

Գյումրիի ՌՈ բաժանմունք է հրավիրվել նաև տվյալ զորամասի  ֆինանսական ծառայության նախկին պետը, ով համապատասխան հաղորդում ու բացատրություն է տվել, որ աշխատանքի ընդունելու համար միջնորդել է զորամասի հրամանատարին, որի համար վերջինս պահանջել և ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Փաստի առթիվ Գյումրիի ՌՈ բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ՊՆ ՌՈ կենտրոնական ապարատի ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները Գյումրիի ՌՈ բաժանմունքի աշխատակիցների հետ համատեղ իրացնելիս բացահայտել են նաև պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր: N զորամասի ֆինանսական ծառայության նախկին պետը հաղորդում է տվել, որ 2017թ-ի փետրվար ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է գնորդ գտնել զորամասին հասանելիք էլեկտրոէներգիայի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Զորամասի ֆինանսական ծառայության պետը դիմել է իր ծանոթին՝ զորամասի տարածքը սպասարկող էլ.ցանցի տեղամասի պետին, ով համաձայնել է յուրաքանչյուր կիլովատի դիմաց վճարել 9 ՀՀ դրամ գումար: Մինչև 2019թ-ի ապրիլ ամիսը վերջինս զորամասի ֆինանսական ծառայության պետին յուրաքանչյուր ամիս առձեռն փոխանցել է 150.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 2.500.000-ից 3.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ զորամասի ֆինանսական ծառայության պետը առձեռն փոխանցել է զորամասի հրամանատարին՝ վերջինիս աշխատասենյակում: Զորամասի հրամանատարը յուրաքանչյուր ամիս ֆինանսական ծառայության պետին տվել է 20.000-ից 30.000 ՀՀ դրամ գումար, ընդհանուր առմամբ՝ 300.000-ից 400.000 ՀՀ դրամ գումար և նույնքան էլ՝ զորամասի ԿՇԾ պետին, ով կատարել է էլեկտրոէներգիայի հաշվիչի ցուցմունքների ուղղումները:

N զորամասի նախկին ֆինանսական ծառայության պետը հաղորդում է տվել նաև առ այն, որ 2018թ. հոկտեմբեր ամսին, նույն զորամասի հրամանատարն իր աշխատասենյակում առաջարկել է, որ գնորդ գտնի զորամասին հասանելիք գազի չափաքանակի ամսական առաջացած ավելցուկը վաճառելու համար: Ֆինանսական ծառայության պետը դիմել է գազի գրասենյակի աշխատակից իր ծանոթին, ով համաձայնվել է յուրաքանչյուր խորանարդ մետր գազի դիմաց վճարել 23 ՀՀ դրամ գումար: 2019թ-ի հունվար ամսին, զորամասի 2018թ-ի գազի ծախսից առաջացած ավելցուկը հաշվարկելուց հետո, գրասենյակի աշխատակիցը զորամասի ֆինանսական ծառայության պետին առձեռն փոխանցել է 2.000.000 ՀՀ դրամ գումար, որն էլ վերջինս փոխանցել է զորամասի հրամանատարին: Հաշվիչի ցուցմունքների ուղղումը կատարել է զորամասի ԿՇԾ պետը:

Տրված հաղորդումներն ուղարկվել են Շիրակի կայազորի զինվորական դատախազություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Քաղաքականություն