Ալեն Սիմոնյանը կեղծ պնդումներ է արել Էդմոն Մարուքյանի քվեարկությունների մասին. fip.am
Ազգային ժողովի միջանցքում մայիսի 13-ին վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։
Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը, վերահաստատելով օրեր առաջ իր հնչեցրած միտքը, թե Էդմոն Մարուքյանը համագործակցում է նախորդ իշխանությունների հետ, որպես հիմնավորում, հայտարարեց, թե Մարուքյանը կողմ է քվեարկել նախկին կառավարության բոլոր ծրագրերին։
«Քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Միքայել Մինասյանին, քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերել են նախորդ իշխանությանը, ասեմ` կառավարության բոլոր ծրագրերին պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել», — հայտարարեց Ալեն Սիմոնյանը, գրում է fip.am-ը:
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները, թեև հարկ է նշել, որ հասկանալի չէ, թե ինչ նկատի ունի Սիմոնյանը՝ «քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Միքայել Մինասյանին» ասելով, քանի որ դա որևէ կերպ չափելի չէ և մեկնաբանման հարցն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանը նմանատիպ մեկ այլ հայտարարությամբ պնդել էր, թե Էդմոն Մարուքյանը «քվեարկում է Սերժ Սարգսյանի կառավարությունների բերած բոլոր բյուջեներին, չի քվեարկում մեր բյուջեներին»։ «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզել էր, որ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և Մարուքյանը, այնուամենայնիվ, դեմ է քվեարկել նաև նախորդ իշխանության ներկայացրած բյուջեին։
Վերադառնալով Սիմոնյանի այս վերջին հայտարարությանը՝ նախ նշենք, որ սկսած 2012 թվականից, երբ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել կառավարությունների 2 հնգամյա ծրագիր (2012-2017 թթ․ և 2017-2022 թթ․) և 5 ամենամյա ծրագիր։
Տիգրան Սարգսյանի կառավարության 2012-2017 թթ․ հնգամյա ծրագրին, ինչպես նաև 2013 և 2014 թվականների կառավարության ծրագրերին Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել։ Նախկին իշխանությունների օրոք Մարուքյանը դեմ է քվեարկել կառավարության 2016 թ․ ծրագրին ու 2017-2022 թթ․ հնգամյա ծրագրին։
Հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանի նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրին Մարուքյանը կողմ է քվեարկել և միայն վերջին՝ կառավարության 2019 թ․ ծրագրին է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, դեմ է քվեարկել։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Էդմոն Մարուքյանը նախորդ կառավարությունների ծրագրերին կողմ է քվեարկել, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ Էդմոն Մարուքյանը ոչ միայն դեմ է քվեարկել նախկին կառավարությունների մի քանի ծրագրերի, այլ նաև կողմ՝ այս իշխանությունների օրոք կառավարության ներկայացրած 2018 թ․ ծրագրին։
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...