Աշխարհի որևէ պատվարժան դատավոր ազատ կարձակեր Ռ․Քոչարյանին․ Սևակ Թորոսյան

Այս նիստի ավարտին աշխարհի որևէ պատվարժան դատավոր ազատ կարձակեր Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին yerevan.today կայքին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի փաստաբան Սեւակ Թորոսյանը՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարության մայիսի 8-ի նիստը։

«Նախկին չորս վարչապետերի երաշխավորությունը պատմական դեպք է։ Չեմ կարծում, որ աշխարհում որևէ երկրում նման բան պատահել է։ Դա պարզապես ցույց է տալիս, թե Հայաստանում որքան հեռու ենք գնացել։ Այս երաշխավորություններից ավելի բարձր երաշխիք չի կարող լինել։ Եթե դատավորը չընդունի այս երաշխավորությունները, սա կնշանակի, որ դատավորն ամբողջությամբ կորցրել է իր մտքի ազատությունը», ընդգծել է ֆրանսահայ իրավաբանը։

Նրա ձեւակերպմամբ՝ բարոյական երաշխավորությունների մակարդակին հասնում են այն երկրներում, երբ դատավորն անտեսում է պարզ իրավական արգումենտները․  «Պատմությունը պետք է հիշի և սերունդները պետք է ամաչեն»։

Սեւակ Թորոսյանն ասել է, որ համավարակի պատճառով «այդ պատմական նիստին չմասնակցելը տանջանք էր» իր համար, բայց «միաժամանակ կարող ենք գնահատել հզոր պաշտպանական գործողությունը»:

Նրա խոսքով՝ ինչ պետք է ասվեր, ասվեց։

«Փաստաբանը ոչ միայն իր վստահորդի, այլ նաև հանրային ազատությունների պաշտպանն է, և այս նիստն ամողջությամբ նվիրված էր ազատության բարձրագույն սկզբունքին։ Անկեղծորեն ցանկանում էի, որ դատախազության միակ մտահոգությունը լիներ փաստի որակը, բայց մինչև այսօր հեռվից նայելով՝ այդ մտահոգությունը չենք զգում։ Նախաքննության ընթացքում փաստի որակի փոխարեն փաստի քանակ էին ներկայացրել, իսկ 80 հատոր անորակ փաստերը միայն կարող են հոգնեցնել բոլոր կողմերին, նույնիսկ՝ դատարանին»։

Ըստ Սեւակ Թորոսյանի՝ եթե դատավորը պատրաստ է խափանման միջոցը փոփոխել, երեք տարբերակ կա իր մտքում․

«Առողջապահական, բարոյական և անմեղության կանխավարկածը: Առողջապահականը ամենահեշտն է դատավորի համար: Դա կապված է կորոնավիրուսի հետ: ՄԱԿ-ի առաջարկով, պետք է ազատ արձակվեին 60 տարեկանից մեծ անձինք և նրանք, որոնք ունեն առողջական խնդիրներ: Ռոբերտ Քոչարյանի պարագան է սա: Ընտրելով այս տարբերակը, դատավորը կազատվի իր ապագա քրեական հանցավորությունից:

Երկրորդ տարբերակով, դատարանն իմաստուն կդառնա՝ ճանաչելով բարձրագույն երաշխավորություների ուժը:

Իսկ երրորդ տարբերակով՝ անմեղության կանխավարկածը, դատավորը կդառնա իսկական դատավոր: Կհիմնի իրավական պետության սյուները և կհռչակի Հայաստանը իբրև մարդկային իրավունքների երկիր»:

 

Քաղաքականություն

Պատահարներ