Ստեփանակերտում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը

Ստեփանակերտում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առանձնազրույցը: Ողջունելով վարչապետ Փաշինյանին` Բակո Սահակյանը ասել է. 

«2018 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք այցելել էիք Արցախի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայությունն այս օրը յուրովի է արժևորում եռատոնը: Մենք հերթական անգամ Ձեզ հետ միասին խոնարհվեցինք մեր մարտիրոսված հայրենակիցների շիրիմների առաջ: Այս օրը մենք օգտագործում ենք նաև մեծարելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքն են նվիրել, իրենց կարողությունները ներդրել մեր հայրենիքն ազատագրելու համար»: 
Արցախի նախագանը նկատել է, որ այսօր էլ մարդկանց մի մեծ բանակ շարունակում են մասնակցություն ունենալ հայրենիքի շենացման և զարգացման գործում: Նրա խոսքով՝ ավանդույթի համաձայն նաև օգտագործում են հանդիպումները` իմի բերելու նախորդ շրջանի կատարած աշխատանքների արդյունքները, պարտադիր կերպով այցելություն են իրականացնում նաև Զինված ուժեր. 
«Այսօր էլ մենք Ձեզ հետ  կլինենք Արցախի Հանրապետության Զինված ուժերում և ավելի քան համոզված եմ, որ այս վերջին շրջանում մեր կատարած աշխատանքները, տված առաջադրանքները լրացուցիչ ապացույցը կլինեն, որ մեր հայրենիքը պաշտպանված է, մեր հայրենիքի պաշտպանները բարեխղճորեն կատարում են իրենց հայրենական պարտականությունները` դրանով իսկ լրացուցիչ հնարավորություններ ստեղծելով մեր ապագային ուղղված աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար: 
Մենք Ձեզ հետ կլինենք նաև տնտեսության մի քանի հատվածներում, որտեղ մեր համատեղ աշխատանքների շրջանակներում նույնպես արձանագրել ենք համեստ արդյունքներ: Համոզված եմ, որ այսօրվա մեր աշխատանքները լրացուցիչ հիմք կհանդիսանան հետագայում մեր հավաքական ներուժի գործադրման և մեր ընդհանուր աշխատանքներին ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու համար: Ուրախ եմ ողջունել Ձեզ և շնորհավորում եմ եռատոնի կապակցությամբ»: 

Իր խոսքում Փաշինյանը նշել է. 

«Մեծարգո պարոն նախագահ, շնորհավորում եմ բոլորիս եռատոնի կապակցությամբ և առանձնահատուկ Շուշիի ազատագրման օրվա առիթով: Արդեն երրորդ տարին մենք միասին այս փառահեղ տոնը նշում ենք Ստեփանակերտում և կարծում եմ` սա շատ լավ ավանդույթ է և իր մեջ ունի նաև բովանդակություն: 
Վարչապետ շնորհավորել է նաև  Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: 
Նա ավելացրել է. 
«Առաջիկայում նորընտիր նախագահի պաշտոնամուտն է լինելու, բայց ես ուզում եմ իմ գնահատանքի խոսքերն ասել Ձեզ այս ընթացքում մեր համատեղ աշխատանքի համար: Համոզված եմ, որ մենք դեռ շատ երկար քննարկելու, աշխատելու, այս ընթացքում նախանշած ծրագրերն իրականացնելու հնարավորություններ և առիթներ կունենանք: Ուզում եմ արձանագրել, որ չնայած կորոնավիրուսի այս համաճարակին` Արցախը և Ստեփանակերտը գտա բարձր տրամադրությամբ: Մեր միասնական ու ազգային խնդիրն այն է, որ ամեն մայիսի 9-ը Արցախում, Հայաստանում և ընդհանրապես հայության շրջանում լինի առավել տոնական, ապագային մեր հայացքը լինի առավել լավատեսական, այսօրվա մեջ լինենք առավել վստահ: 
Ես համոզված եմ, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր ժողովուրդն ունի հսկայական ներուժ, այդ ներուժի մի չնչին մասն է իրականում իրացված և օգտագործված, և մայիսի 9-ը, Շուշին մեզ առավել մեծ վստահություն են տալիս մեր ուժերի, մեր ապագայի, մեր այսօրվա նկատմամբ: Մենք բոլորս հավաքական և միասնական պարտք ունենք մեր նահատկների առաջ: Պետք է պատվով կատարենք այդ պարտքը և այդ պարտքը տասնապատկված վերադարձնենք նրանց սերունդներին: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ»: 
 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Արցախի կառավարությունների միջև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: 

 

Քաղաքականություն

Պատահարներ