1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման
Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: shantnews.am-ի տեղեկացմամբ, նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:
Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, որտեղ ծառայում էր եղբայրը:
«Երբ գնացի Արցախ ու շրջեցինք դիրքերում, նկատեցի անվադողերով պատրաստված դիտակետերը, դրանց անհրաժեշտությունը զինվորներն ու սպաները շատ կարևորեցին ու ասացին, որ եթե բոլոր դիտակետերը պատրաստված լինեն անվադողերով, ապա անվտանգությունն ավելի ապահով կլինի: Վերադարձա Գյումրի ու որոշեցի հենց այդ օրվանից էլ զբաղվել անվադողեր հավաքելով: Բոլոր ծանթներս, հայրս, եղբորս ընկերներն ու անծանոթ մարդիկ ներգրավվեցին այս գործում ու առաջին խմբաքանակը սահման ուղարկեցին մի քանի ամիս անց»,- իր նախաձեռնության մասին է պատմում Ժորա Աբգարյանը:
Անվադողերի մեծ մասը տրամադրում են վուլկանիզացիաները, տեղեկացնում են, որ կա հավաքված խմբաքանակ, իսկ տղաները մեքենաներով շրջում, հավաքում և մեկ վայրում են կենտրոնացնում վարորդների համար անպիտան դարձած, բայց բանակին անհրաժեշտ անվադողերը:
«Անվադողերը հավաքում ենք մեկ վայրում այս գործում մեզ օգնող կամավոր տղաների հետ, հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը տրամադրում են բեռնատար մեքենաներ, որոնցով էլ անվադողերը տեղափոխում ենք դիրքեր, իսկ այնտեղ արդեն գործընթացը շարունակում են ինժեներական վարրչության մասնագետները»,- ասում է նա:
Ըստ նախաձեռնության հեղինակի՝ խրամուղիներն ու խրամաբջիջները անվադողերով պատելը անվտանգության երաշխիքներից մեկն է: Դրանք լցվում են հողով ու հատուկ դասավորվածությամբ շարվում դիտակետերի շուրջ ու զինվորներին հնարավորինս պաշտպանում են թշնամու գնդակներից:
«Հազարավոր անվադողեր ենք արդեն ուղարկել սահմանագիծ, դրանցով համալրում ենք առաջին գծում գտնվող դիրքերը, որոշ հատվածներում արդեն աշխատանքները հասել են երկրորդ ու երրորդ գիծ, ես ամեն խմբաքանակ ուղարկելուց ամիսներ անց լինում եմ դիրքերում ու տեսնում կատարված աշխատանքները: Նախաձեռնության բոլոր մասնակիցների և իմ միակ նպատակը մեր զիվորների կյանքի պաշտպանությունն է»,- նշում է նախաձեռնության հեղինակը:
Ժորային ոգևորում է անվադողերի հավաքման ու տեղափոխման գործընթացում պատանիների ու դպրոցականների ներգրավվածությունը: Նախաձեռնությանը մշտապես կամավոր կերպով օգնում են Գյումրիի ավագ դպրոցների աշակերտները:
Անվադողեր հավաքելու «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությունն արդեն վաղուց դուրս է եկել Գյումրիի ու Շիրակի մարզի սահմաններից ու տարածվել հանրապետության մյուս բնակավայրերում և Երևանում:
Մինչ օրս սահման է ուղարկվել 22 հազարից ավելի անվադող՝ մոտ 200 բեռնատար, ևս 50 բեռնատար առաջիկա օրերին կհասնի Հայաստանի ու Արցախի դիրքեր: