Մենք այսօր պարտվեցինք. Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով առավոտյան ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ձեռքը վերցրեց իր առջև դրված շիշը ևպնմանակեց համացանցում տարածվող կադրերին, որոնցում երևում է՝ իմքայլական Անդրանիկ Քոչարյանը վերցնում է իր խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի առջև դրված շիշը՝ նրա ձեռքից «փախցնելով» այն: 

 

Վարչապետը նշեց, որ ջրի շիշը մի անգամ էլ է «զենք» դարձել Սասուն Միքայելյանի ձեռքում:

«Եթե Անդրանիկ Քոչարյանը «չզինաթափեր» Սասուն Միքայելյանին, այսօր թերևս այդ քաղաքական ժառանգությունը … դրանով էլ կավարտվեր թերևս միջադեպը, բայց, այո՛, մենք այսօր պարտվեցինք, ես դատապարտում եմ, հարգելի՛ պարոն Միքայելյան, ձեզ, ես դատապարտում եմ ինձ, մեզ: Ես չեմ կարող չանդրադառնալ այն ամենին, ինչ տեղի է ունենում և տեղի է ունեցել այս դահլիճում, և նրան, ինչ այսօր առավոտյան տեղի ունեցավ մեր բոլորի աչքի առաջ: Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը՝ ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով, ուզում եմ ընդգծել՝ բռնությունն իր բոլոր դրսևորումներով, քանի որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական: Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունը և կառավարությունը, հետևողականորեն և շարունակաբար ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների:

Ներողություն եմ խնդրում ասելու համար, բայց խորհրդարանական մեծամասնության պատգամավորներին՝ կին պատգամավորներին, սոցցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել, ամենավերջին ստահոդ, քստմնելի տեղեկություններ են տարածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացնող պատգամավորների վերաբերյալ»,- ասաց նա:

Քաղաքականություն

Պատահարներ