Բացառում եմ, որ Արցախյան հիմնախնդրի բանակցային սեղանին կա փաստաթուղթ. Էդմոն Մարուքյան

Արցախի հիմնախնդրի հետ կապված մենք միշտ մտահոգություններ ունենք: Շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին և ես բացառում եմ, որ սեղանի վրա փաստաթուղթ կա։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» ծրագրի ընթացքում հայտարարել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությանն ու այսօր վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

Մարուքյանը նշել է, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված միշտ մտահոգություններ ունեցել են, ապա հավելել, որ Ռուսաստանի արտգործնախարարի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններից հետո խմբակցությունը որոշել է քննարկել հարցը․ 

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը Արցախի հարցում կգնա ոչ հայանպաստ լուծման: Սակայն մի բանը, եթե շատ է քննարկվում, ապա մենք որպես խորհրդարանական ուժ, պետք է մեր մատը այդ զարկերակի վրա պահենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»: 

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ որևէ իշխանություն չի կարող իր վրա բեռ վերցնել և Հայաստանի ժողովրդից գաղտնի բանակցություններ ունենալ։  Նրա համոզմամբ՝ կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ձեւաչափով կներկայացնի, թե ինչ է բանակցում: 

«Եթե կասկած ունենայի, առաջին աղաղակողը ես կլինեի, բայց որպես խորհրդարանական ուժ՝ ես չեմ կարող իրավիճակին չտիրապետել: Արցախի խնդիրը միշտ ներքաղաքական գործիք է եղել: Ինչ հիշում եմ՝ խոսակցություններ են պտտվում, թե հողերը հանձնում են, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի հող դեռ չի հանձնվել: Հիմա, թե ինչ է խոսվում, կամ չի խոսվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»,- ասել է Մարուքյանը։

Քաղաքականություն

Պատահարներ