Գուրգեն Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը

Երեւանի Նոր Նորք և Ավան ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդուն՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը։

 

Փաստաբան Երեմ Սարգսյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ երևի բոլորը կզարմանային, եթե ասեր, որ դատարանը չի բավարել միջնորդությունը։ «Ի սկզբանե, մտքովս էլ չէր անցել, որ նման բան կարող է տեղի ունենալ։ Այս գործընթացները, որ տեղի ունեցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո՝ կալանավորումը անխուսափելի էր։ Առավել ևս եթե հաշվի առնենք այն զարգացումները, որ տեղի ունեցան։ Մենք շատ յուրահատուկ զուգադիպություններ ունենք կապված դատարանների ընտրության հետ։ Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր միջնորդությունները, ըստ էության, քննում էր մեկ դատավոր՝ Շենգավիթ նստավայրում, երբ այնպես ստացվեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու միջնորդություն ներկայացվեց՝ դրա քննությունը տեղափոխվեց այս նստավայր և այստեղ մակագրվեց այն դատավորին, ով քննում էր Գուրգեն Խաչատրյանի կալանքի միջնորդությունը։ Ես այստեղ ուղիղ միտում եմ տեսնում դատարանի նախագահի կողմից՝ դատավորի մակագրման հարցում»,-ասաց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ երեկ խուզարկություն է իրականացվել Ucom ընկերության նոր տնօրեն Արա Խաչատրանի բնակարանում եւ ընկերության աշխատասենյակում, որը Խաչատրյանների պաշտպանների պնդմամբ եղել է նախկին տնօրենի՝ Հայկ Եսայանի աշխատասենյակը։
Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ օտարելու Ucom-ը։ «Վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարել էր Խաչատրյանը։
Խաչատրյանների փաստաբանական թիմը հայտարարել էր, որ Գուրգեն Խաչատրյանի մեղադրանքը լրացվել է՝ փողերի լվացման եւ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

 

Քաղաքականություն

Պատահարներ