Ռուսաստանը վարակածների թվով շրջանցել է Իրանին. թարմ տվյալներ ամբողջ աշխարհից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 3 միլիոն 329 հազար 453-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 234 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 053 հազար 040 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 1 մլն 095 հազար 977 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 63 հազար 876 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 239 հազար 639 է: Մահացության ցուցանիշը կազմում է 24 հազար 543:

Իտալիան վարակվածների թվով երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 205 հազար 463 է: Վարակից մահացել է 27 հազար 967 մարդ։ Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով հաջորդը Մեծ Բրիտանիան է, որը շրջանցեց Ֆրանսիային: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը կազմում է 171 հազար 253: Վարակի հետևանքով մահացել է, 26 հազար 771 մարդ: Մեծ Բրիտանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ գրանցվել է 167 հազար 178 հաստատված դեպք, մահացել է 24 հազար 376 մարդ:

Գերմանիայում 163 հազար 162 հաստատված դեպք կա, մահացել է 6 հազար 632 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 120 հազար 204-ի, մահացածներինը՝ 3,174-ի: Վարակվածների թվով Իրանին շրջանցեց Ռուսաստանը, որտեղ գրեթե 8 հազար վարակվածության նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը կազմելով 114 հազար 431: Մահացածների ընդհանուր թիվը 1169 է:

Ռուսաստանին հաջորդում է Իրանը, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 95 հազար 646 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 091 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանին շրջանցել է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 87 հազար 187: Այստեղ մեկ օրում հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվել: Վարակի բռնումից ի վեր երկրում մահացել է 6 հազարից ավելի մարդ:

Չինաստանն առանձնանում է 82 հազար 874 ընդհանուր, 12 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին մի քանի օրում այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել: Կանադայում հաստատված դեպքերի թիվը  53 հազար 236 է, Բելգիայում 49 հազար 032 է, Նիդերլանդներում 39 հազար 791 է: Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 566 դեպք կա, մահացածների թիվը կազմում է 6:

Արաբական երկրներից Կատարը վարակվածների թվով շրջանցեց ԱՄԷ-ին: Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 14 հազար 096, մահերինը՝ 12-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 038 է, մահացածներինը՝ 111:

Եգիպտոսում 5 հազար 537 հաստատված դեպք կա, մահացել է 392 մարդ: Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 4 հազար 377-ի, մահացածներինը՝ 30-ի: Իրաքում գրանցվել է 2085 վարակվածության, 93 մահվան դեպքով: Լիբանանում կա 729 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 24: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 43-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 210-ը:

 

ԱՀԿ-ն Չինաստանից սպասում է կորոնավիրուսի ծագման պատճառները հետաքննելու պաշտոնական առաջարկի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանից սպասում է պաշտոնական հրավերի՝ մասնակցելու  COVID-19-ի ծագման հետազոտությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «ՌԻԱ Նովոստի»-ին այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Տարիկ Յազարևիչը:

Մեկաբանելով տեղեկությունը, թե Չինաստանի իշխանությունները հրաժարվում են ԱՀԿ-ին հրավիրել՝ մասնակցելու հետազոտությանը՝ նա մասնավորապես ասել է, որ կազմակերպությունը ուրախ կլինի համագործակցելու միջազգային գործընկերների հետ և Չինաստանի կառավարության առաջարկությամբ մասնակցելու հետազոտությանը՝ կապված վիրուսի կենդանական ծագման հետ:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն կարծում է, որ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառների հետ կապված մի շարք հետաքննություններ են ընթանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ներկայում չի մասնակցում Չինաստանում անցկացվող հետազոտություններին:

 

Շվեյցարիան սկսել է փորձարկել COVID-19-ի տարածումը վերհսկելու հավելվածը

Շվեյցարիայում փորձարկվում է բջջային հեռախոսների համար նախատեսված հավելված, որով հնարավոր կլինի հետևել նոր կորոնավիրուսի տարածմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Հավելվածը ստեղծվել է Լոզանում Շվեյցարիայի տեխնոլոգիական դաշնային ինստիտուտի մասնագետների կողմից: Այդ տեխնոլոգիան թույլ է տալիս հետևել հավելվածը ներբեռնած մարդկանց միջև շփումներին: Եթե նրանք անցկացնում են 15 րոպե միմյանցից երկու մետր հեռավորության վրա, ապա հավելվածը կատարում է հատուկ նշում կոնտակտավորի մասին: Մարդու մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո նա կարող է մուտքագրել իր նույնականացման տվյալները և զգուշացնել բոլոր նրանց, ում հետ շփման մեջ է եղել վերջին շաբաթներին:

Փորձարկումը հնարավորություն է տալիս ստուգելու ոչ միայն համակարգի անխափան աշխատանքը, այլև տվյալների պահպանման հուսալիությունը: Ծրագիրը մշակողները պնդում են, որ բոլոր տվյալները պահպանվելու են կոդավորված տեսքով օգտագործողների հեռախոսներում, այլ ոչ թե արտաքին կենտրոնական սերվերում: Ակնալվում է, որ հավելվածի փորձարկումը կավարտվի մայիսի 11-ին:

 

Թրամփն անդրադարձել է հետախուզության՝ լաբորատորիայում կորոնավիրուս ստեղծելու հաշվետվությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեսել է հետախուզական այն հաշվետվությունները, որոնք ցույց են տալիս, թե կորոնավիրուսը ի հայտ է եկել Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կպահանջի անցկացնել միջազգային քննություն Ուհանի վարակաբանական ինստիտուտում, Դոնալդ Թրամփը նշել է, որ ներկայում Չինաստանը փորձում է լինել թափանցիկ: Նրա խոսքով, Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել կորոնավիրուսը, կամ թույլ է տվել տարածվել:

Ավելի վաղ Ազգային հետախուզությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ հետախուզական համայնքը կիսում է տարածված գիտական տեսակետը, ըստ որի, COVID-19 չի ստեղծվել մարդկանց կողմից կամ գենետիկորեն չի ձևափոխվել: Նշվում է նաև, որ հետախուզական ծառայությունները «կշարունակեն ուշադիր ուսումնասիրել ի հայտ եկող տեղեկատվությունը՝ հասկանալու, թե արդյոք բռնկումը սկսվել է կենդանիների հետ շփման պատճառով, թե Ուհան քաղաքի լաբորատորիաներում տեղի ունեցած միջադեպի արդյունք է»:

Չինաստանը չի ընդունում իրենց ուղղված մեղադրանքները: Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանը պատասխանել էր մեղադրանքներին:

«Ինչ վերաբերում է պատասխանատվության հարցին, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վարակն ընդհանուր մարդկության թշնամին է: Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վարակի հանցակիցը: ԱՄՆ-ի առանձին դեմքեր պետք է հստակ հասկանան, որ իրենց թշնամին վարակն է, ոչ թե Չինաստանը»,-ասել է նա:

 

Ավստրալիան սահմանափակումները կվերանայի սպասվածից շուտ

Ավստրալիան կվերանայի վիրուսով պայմանավորված սահմանափակումները սպասվածից շուտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է վարչապետ Սքոթ Մորրիսոնը:

Առողջապահության ոլորտի պաշտոնյաները հայտնել են, որ ժողովուրդը «բավականին համոզիչ կերպով» հարթեցրել է վիրուսի տարածումը՝ սոցիալական խիստ սահմանափակումներից շաբաթներ անց:

Պաշտոնյաները պետք է վերանայեին սահմանափակումները մայիսի 11-ին, բայց դա այժմ արվելու է մայիսի 8-ին: Տեղեկությունների համաձայն՝մի քանի նահանգներ իրենց բնակիչներին թույլատրել են որոշակի ազատություն մայիսի 1-ից:

Ավստրալիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը 6 հազար 766 է, մահացել է 93 մարդ, առողջացել 5 հազար 739-ը:

 

Գիտնականները մոդելավորել են կորոնավիրուսի տարածումը օդանավում

ԱՄՆ-ի Պերդյու համալսարանի գիտնականները մոդելավորել են ինքնաթիռում կորոնավիրուսի տարածումը՝ ցույց տալով, թե մեկ մարդը ինչպես կարող է վարակել բոլոր ուղևորներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ուսումնասիրությունը կատարվել է «Boeing»-ի ինժեներների հետ համատեղ՝ նպատակ ունենալով հստակեցնել համավարակի պայմաններում օդանավում օդափոխության օպտիմալ սխեման: Մասնագետները նշում են, որ մոդելն արդիական է մյուս վարակների դեպքում ևս:

Տեսողական պատկերը ցույց է տալիս, որ փակ տարածքում վիրուսային մասնիկները չեն ցրվում, այլ արտանետվելով շարունակում են շրջանառվել օդանավի ներսում:

Գիտնականները պարզել են, որ «Boeing 767»-ով 5 ժամանոց թռիչքի ժամանակ յոթ շարքից վարակվելու ռիսկը կազմել է մեկը երեքին: «Boeing 737»-ի դեպքում այս ցուցանիշը հավասարվել է մեկը հինգի: Փորձագետները եզրակացրել են՝ օդափոխման համակարգը, որն ապահովում է օդի շրջանառությունը սրահի ներքևի մասում, կարող է կիսով չափ նվազեցնել վարակվելու հավանականությունը:

 

Նյու Յորքում ծնողազուրկ երեխաների համար խնամատար հաստատություններ են բացվում

Նյու Յորքի մոտակայքում գտնվող խնամատար հաստատությունը պատրաստ է ընդունելու այն երեխաներին, ովքեր կտուժեն կորոնավիրուսի արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«The Children's Village» հաստատության նախագահ բժիշկ Ջերեմի Քոհոմբընը ասում է, որ համավարակը, որի արդյունքում մարդիկ մահանում են, անդրադարձել է բազմաթիվ աղքատ համայնքների վրա, ուստի իր ղեկավարած հաստատությունը պատրաստ է խնամքի տակ վերցնել համավարակի արդյունքում ծնողազուրկ դարձած երեխաներին, որոնց մոտ ևս չի բացառվում կորոնավիրուսը: Հայտնի է, որ 25 կամ ավելի երեխաներ կընդունվեն այս կազմակերպության կողմից:

Կազմակերպությունն ունի բուժանձնակազմ, որը ներգարվված է COVID-ի դեմ պայքարում, ինչպես նաև երեխաներին վերաբերող ցանկացած այլ բժշկական խնդիրներում:

 

Ֆրանսիայում կարող է մտցվել սանիտարական անձնագրերի կիրառություն

Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին առաջարկել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպին մտցնել սանիտարական անձնագրերի կիրառություն երկրից դուրս եկող և վերադարձող քաղաքացիների համար: «Ես պատրաստվում եմ խնդանքով դիմել, որպեսզի մտցվի սանիտարական անձնագրերի կիրառություն՝ նպատակ ունենալով ուժեղացնել սահմանային վերահսկողությունը»,-ասել է քաղաքապետը: Նրա խոսքով, երկրից դուրս գալը կամ վերադառնալը պետք է ուղեկցվի համապատասխան սերտիֆիկատով, որտեղ կնշվեն տեղաշարժման պատճառները:

Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքացիներ ողջունել են սահմանափակումներից դուրս գալու իշխանությունների որոշումները: Միակ բանը, որ լայն շրջանակի կողմից հավանության չի արժանացել, մայիսի 11-ից դպրոցների աշխատանքի վերսկսումն է: