Գյուղոլորտի վարկերի տոկոսները զրոյացվում է և համաֆինանսավորում
Կառավարությունն ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը, որը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտին:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս գործիքն ուղղված է գյուղատնտեսության ոլորտում զբաղված ֆիզիկական ու իրավաբանական անձանց:
«Սրանով մենք զրոյացնում ենք բոլոր այն տոկոսագումարները, որոնք առայսօր գյուղոլորտում առկա տարբեր ծրագրերով սահմանված էին: Օրինակ՝ ունեինք լիզինգի ֆինանսավորման աջակցության գործող գործիք, որտեղ տոկոսները սուբսիդավորում էինք մինչև 2-4 տոկոսով: Մենք հիմա այդ տոկոսները զրոյացնում ենք: Մեկ այլ ծրագրով, որ կառավարությունը սուբսիդավորում էր 12 տոկոսից 7 տոկոսը, և գյուղացիական տնտեսությունները վճարում էին 5 տոկոս, հիմա դա ևս զրոյացնում ենք: Հաջորդը, մենք հիմա ասում ենք, որ կսուբսիդավորենք նաև այն վարկերի տոկոսները, որոնք տնտեսավարողները կհամաձայնեն վերցնել նաև արտարժույթով:
Այս գործիքակազմում կա մի կարևոր նորություն, դա միկրովարկերի սուբսիդավորումն է: Եթե բանկերը կսուբսիդավորեն միկրովարկեր՝ մինչև 1 մլն դրամ, 13 տոկոս տոկոսագումարով, 2 տարի ժամկետով, մենք կսուբիսդավորենք բոլոր տոկոսագումարները: Այսինքն՝ գյուղացիական տնտեսությունները, անկախ գործունեության ոլորտից, 1 մլն դրամի չափով վարկավորման դեպքում առանց տոկոսի վարկեր են ունենալու»,- ասաց նախարարը:
Նա հավելեց, որ հաջորդը վերաբերում է կոոպերացիային: Նրա խոսքով՝ եթե գյուղացիական տնտեսությունները կհամաձայնեն համատեղել իրենց ջանքերը՝ գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելով, ապա կառավարությունը ոչ միայն կսուբսիդավորի տոկոսները, այլև էապես կհամաֆինանսավորի այդ ծրագրերը: «Դա նշանակում է, որ գյուղացիական տնտեսությունները կարող են այդ չափով պակաս գրավային ապահովություն ներկայացնել: Կառավարության համաֆինանսավորումը կլինի 30-70 տոկոսի միջակայքում: Այսինքն, եթե ստեղծվում է կոոպերատիվ, որը որոշել է զբաղվել տոհմային անասնաբուծությամբ, ապա կառավարության համաֆինանսավորումը կկազմի 70 տոկոս: Դա նշանակում է, որ եթե նրանք ցանկանում են վերցնել 200 մլն դրամի վարկ, կարող են ունենալ միայն 60 մլն դրամի գրավային ապահովություն, մնացածն իր վրա կվերցնի կառավարությունը: Եթե գյուղատնտեսական հումք պետք է մթերեն, կառավարության համաֆինանսավորումը կկազմի 30 տոկոս, կարկտապաշտպան ցանցերի, ինտենսիվ այգիների, ոռոգման արդիական համակարգերի դեպքում՝ 50 տոկոս, իսկ ընդհանուր նշանակության ծրագրերի դեպքում՝ 10 տոկոս»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ սա հենց այն ցայտուն դեպքն է, երբ կառավարությունը ճգնաժամը դիտարկում է որպես հնարավորություն: «Խոսքն ընդհանուր առմամբ մեր գյուղատնտեսության որակն ու քանակը կտրուկ փոխելու մասին է: Սա պատմական հնարավորություն եմ համարում: Մենք լրջորեն պետք է ձեռնամուխ լինենք այս գործին եւ հաջողենք»,- ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ համաֆինանսավորման գործիքակազմը շատ լուրջ է ու չի կարող չաշխատել: Նրա խոսքով՝ ինքը ոչ մի երկրում չի տեսել, որ նման քայլի անեն: Կառավարությունը ռիսկի է գնում, և գյուղատնտեսությունը պետք է սրա միջոցով զարգանա:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...