Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ․ նախագահ Արմեն Սարգսյանն Արցախում է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախի Հանրապետություն։ 

 

«Արցախ հաճախ եմ այցելում, այցելում եմ ինչ-որ իմաստով որպես տուն։ Սա իմ հերթական այցելություններից մեկն է,- Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահն, ավելացնելով, որ, Արցախ այցելելու համար ինքը հատուկ պատճառի կարիք չունի։- Խոսելու շատ բան ունենք նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ընդհանուր իրավիճակի, այս օրերին սահմաններում տիրող իրավիճակի մասին։ Իհարկե, իմ այցելության ընթացքում չենք կարող չխոսել նաև Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների, ներդրումների հնարավորությունների մասին»։

Հայաստանի նախագահն ասել է, որ թեև իր այցը որևէ կապ չունի Արցախում կայանալիք ընտրությունների հետ, այնուամենայնիվ, հետաքրքրված է, թե ինչպես է ընթանում քարոզարշավը, ինչպիսի նախապատրաստական աշխատանքներ են կատարված։ Արցախի նախագահի հետ Հայաստանի նախագահը պատրաստվում է զրուցել նաև այդ թեմայի շուրջ։ «Չեմ նախատեսում հանդիպել որևէ թեկնածուի հետ։ Սակայն գուցե առիթն օգտագործեմ՝ դիմելու բոլոր թեկնածուներին, նախ և առաջ նրանցից յուրաքանչյուրին մաղթելով հաջողություն, մաղթել հաջողություն ողջ Արցախին,-նշել է Արմեն Սարգսյանը։ 

Շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար։ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, հաղթած ժողովուրդ։ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ։ Այս անգամ կլինի քաղաքական հաղթանակ՝ ցույց տալով բոլորին, նախ և առաջ իրենց՝ արցախցիներին, ողջ հայ ժողովրդին, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամներին և նրանց, ովքեր բարեկամ չեն, այլ՝ հակառակորդ են կամ թշնամի, որ այս պետությունը՝ Արցախի Հանրապետությունն, ամուր է, ունի հոյակապ կազմակերպված կառույցներ։ Այս պետությունը հզոր է ոչ միայն իր փոքր, բայց կարևոր տնտեսությամբ, իր բանակով, իր նվիրումով»։

 

Մանրամասները՝ տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ