Ահազանգ․ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի բուժաշխատողները սեփական գումարով են գնում բժշկական պարագաները
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակցից։ Քաղաքացին հայտնում է, որ հիվանդանոցը բուժաշխատողներին չի տրամադրում բժշկական ամենաառաջնահերթ և առաջնային բժշկական պարագաները։
«Բժիշկները և բուժաշխատողները ստիպված իրենց գումարով են գնում բժշկական դիմակ և ձեռնոցներ։ Իրականում դրանց պահանջարկը շատ մեծ է և դեղատներում էլ գիտենք, որ սպառվել են»-մեզ հետ զրույցում ասաց ահազանգող բուժաշխատողը։
Հասկանալու համար որն է խնդիրը, որ բուժաշխատողները սեփական գումարով են ձեռք բերում բժշկական դիմակներ և ձեռնոցներ կապ հաստատեցինք ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքական վարչության աշխատակցի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դա լուրջ խնդիր չէ և որևէ արտառոց բան չկա նրանում, որ բժիշկը կամ բուժաշխատողը իր համար գնի բժշկական դիմակ կամ ձեռնոց։
«Եթե բժիշկը իր համար է գնում դիմակ կամ ձեռնոց դրանում որևէ խնդիր չկա։ Կարող է նա դա գնում է որպես օգնություն, չգիտեմ։ Ես չեմ հասկանում ինչու են նման խնդիրների ժամանակ ահազանգում լրատվամիջոցներին, մեր հեռախոսահամարը տվեք թող կապ հաստատեն մեզ հետ և բարձրաձայնեն իրենց խնդիրը»,-ասաց աշխատակիցն ու հեռախոսն անջատեց։
Auroranews-ը փորձում է կապ հաստատել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանի հետ, սակայն նա չի պատասխանում հեռախոսազանգերին։