Զոհրաբյանին վայել է հանրային խոսքում խուսափել իրականության հետ կոնֆլիկտի մեջ մտնող փաստերի գործածումից. Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ֆեյսբուքյան  իր էջում գրել է. «Հասկանալի է Նաիրա Զոհրաբյանի նյարդային արձագանքը թափառող շների խնդրին. հեշտ է շունիկներին խոշտանգումից պաշտպանող հաճելի օրինագիծ ներկայացնել, բայց դժվար է կրել դրա քաղաքական պատասխանատվությունը, մանավանդ երբ հաճելի օրենքի կողմնակի հետեւանքները՝ հանրային արձագանքի տեսքով, այնքան էլ հաճելի չեն:

Ամեն դեպքում, կարծում եմ , որ անչափ հարգելի տիկին Զոհրաբյանին վայել է հանրային խոսքում խուսափել իրականության հետ կոնֆլիկտի մեջ մտնող փաստերի գործածումից:

Մասնավորապես.
Ֆեյսբուքի իր էջում տիկին Զոհրաբյանը տարակուսում է, որ «իրենց ավագանիները» գնացել են Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն եւ ոչ մի կենդանի չեն տեսել:

Իհարկե, չեն տեսել, եւ շատ լավ է, որովհետեւ ՀՈԱԿ-ը կենդանիների կացարան չէ, այլ վայր, որտեղ կենդանիներին ստերջացնում են, պատվաստում եւ անմիջապես բաց են թողնում: Եթե ՀՈԱԿ-ի այցելուները կեսօրից հետո տարածքում շատ շներ տեսնեն, դա նորմալ չի լինի, դա կնշանակի, որ հավաքված շները պատշաճ գործողությունների չեն ենթարկվում: Այս միտքը տիկին Զոհրաբյանը եւ նրա կուսակիցները կրկնում են նաեւ համապատասխան հեռուստաընկերության համապատասխան հաղորդման եթերում, նշելով նաեւ, թե ՀՈԱԿ-ի տնօրենը 850 հազար դրամ է ստանում: Իրականում, բաց աղբյուրներից կարող ենք տեղեկանալ, որ «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը ստանում է հարկերը հանած՝ 350 000 դրամ աշխատավարձ՝ ուղիղ 500 հազարով պակաս հարգարժան պատգամավորի նշածից: Գուցե շեյխերի ու մյուսների հետ ջերմ կապերի մեջ գտնվող պատգամավորների համար 500 հազարի տարբերությունը նկատելի չէ, բայց դա միջին վիճակագրական հայաստանցու համար ահռելի տարբերություն է, որը չի կարելի չնկատել:

Թափառող կենդանիների խնդիրը բարդ խնդիր է, եւ իսկապես, շների խոշտանգումները քրեականացնող օրենսդրական փոփոխությունը փոքր-ինչ ավելի է բարդացրել այն: Բայց դա երբեք չի կարող առիթ դառնալ՝ հրաժարվելու սկզբունքից, որ քաղաքում մարդկանց եւ կենդանիների համակեցությունը պետք է կարգավորել առանց դաժանության: Անցած տարվա ընթացքում ՀՈԱԿ-ը կիսադաշտային պայմաններում՝ ժամանակավոր կլինիկայում, մեծ գործ է արել՝ ստերջացնելով շուրջ 3000 կենդանի, այս տարվա նշաձողն ավելի բարձր է, բացի դրանից, մի քանի շաբաթ անց Կենտրոնի հիմնական կլինիկան պատրաստ կլինի, ինչը ավելի կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը»։

 

 

Քաղաքականություն