Քաղաքականություն

Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները. Դավթյանը՝ Դավիթ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին

WRed 55 դիտում
Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները. Դավթյանը՝ Դավիթ Տոնոյանի հետ տարաձայնությունների մասին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ կա՞ն տարաձայնություններ: Լրագրողներն այսօր այս հարցն ուղղեցին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանին: Նա պատասխանեց.

 

«Տարաձայնություններ չունենք, եթե հաշվի չառնենք աշխատանքային քննարկումները, որ հաճախ որպես հակասություն են ներկայացնում: Եթե սկզբունքային խնդիրներ առաջ գան, եթե հարկ եղավ՝ հրաժարական կտամ, խնդիր չեմ տեսնում: Այս բազմազան ոլորտը որ կա, նախարարը մինչև որոշում ընդունելը խորհրդակցում է, ԳՇ պետն էլ ներկայացնում է մոտեցումները, որ հաճախ կարող են չհամընկնել: Քաղաքական առումով պատասխանատուն նախարարն է, այդ լուրերն ավելի շատ ուռճացված են, քան իրողություն»:

 

Դավթյանը կրկին անդրադարձավ բանակում ինքնասպանության փորձերին, նշեց՝ տվյալներ ունեն, աշխատում են, առանց դրանց և վերլուծական նյութերի իրենց աշխատանքը զրոյի կհավասարվեր: Նա հայտնեց, որ ունեն ինքնասպանությունը չավարտած դեպքեր, երբ փորձեր արվել են, սակայն ավարտին չեն հասցվել: Ասաց՝ ծնողներն ու իրավապահները հասկանում են իրական պատճառը, թե դեպքերից որոնք են կապված բանակի հետ: Դավթյանը նշեց՝ դեպքերի մի մասով նեղ անձնական բնույթի տվյալներ են, որ չէր ցանկանա հրապարակել:

ԳՇ պետին դիմեցին նաև մտահոգությամբ, որ մարդիկ մահանում են բանակում, սակայն իրական մեղավորները չեն պատժվում: Հարցին՝ կա՞ն տաբուներ, նա արձագանքեց.

 

«Նախկինում էլ չի եղել, հիմա էլ, եթե անգամ ցանկանանք: Եթե հանցագործություն է կատարել որևէ սպա կամ պաշտոնատար անձ, դրանք կոծկելը ձեռնտու չէ առաջին հերթին բանակին, ամեն զոհի կամ մահվան դեպքի հետ կապված է ընտանիքը, զորակցությունս եմ հայտնում իրենց, բայց դրա հետևում սպայական կազմն է կանգնած, իսկ կոծկել… ես չգիտեմ, եթե կան փաստեր, թող իրավապահներին տրամադրեն, զբաղվենք: Քննչականի գործունեության հետ կապված չեմ կարող պատասխանել, եթե անգամ ապացուցվել է, բայց ծնողը կարող է չընդունել, դա ես չեմ կարող մեկնաբանել: Դա քրգործի շրջանակներում իրականացված արդյունքներն են, մենք աջակցում ենք, համապատասխան սպաները, պաշտոնատար անձինք ընդգրկվում են վկայի կամ այլ կարգավիճակով, տաբուներ չկան»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից