Քաղաքականություն

Աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ․ Արայիկ Հարությունյան

WRed 94 դիտում
Աշակերտների առաջարկով ստեղծել ենք նախարարին կից աշակերտական խորհուրդ․ Արայիկ Հարությունյան

Աշակերտներն այժմ հնարավորություն կունենան իրենց լուման ունենալ մի շարք որոշումների ընդունման հարցում: Նրանք հանդես կգան առաջարկներով, կբարձրաձայնեն իրենց կարծիքն ու կքվեարկեն համապատասխան որոշման համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է նախարարին կից աշակերտական խորհրդի ձեւավորման կարգը:

Ինչպես նշված է համապատասխան հրամանի հավելվածում, խորհրդի կազմում կարող են լինել 8-րդ, 9-րդ, 10-րդ եւ 11-րդ դասարանների այն սովորողները, որոնք ընդգրկված են իրենց դպրոցների աշակերտական խորհուրդներում, ակտիվ մասնակցում են դպրոցական եւ համայնքային կյանքի տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի քննարկմանը, խնդիրների լուծմանը, կազմակերպում ու անցկացնում են միջոցառումներ: Աշակերտներին պետք է ընտրի համապատասխան հանձնաժողովը, որը ձեւավորվելու է առաջիկա օրերի ընթացքում:

Նշվում է, որ այս ծրագրի հիմնական նպատակներն են սովորողների ինքնադրսեւորման, կարծիքի ազատ արտահայտման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն օժանդակելը, սովորողների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը եւ այլն:

Աշակերտական խորհուրդ ստեղծելու գաղափարի հեղինակը հենց դպրոցականներն են: Դեռեւս անցած տարի Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ նրանք այդպիսի առաջարկ էին արել:

Աշակերտական խորհրդի անդամները կլինեն 40 դպրոցականներ ՀՀ բոլոր մարզերից, Երեւանից, ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հաստատություններից: Նրանց մեջ կլինեն նաեւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող դպրոցականներ եւ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ: Մարզերից ընդգրկված անդամների մասնակցությունը նիստերին պետք է ապահովվի տվյալ մարզի Կրթության, մշակույթի, սպորտի վարչության աշխատակցի ուղեկցությամբ:

Խորհրդի աշխատանքները կկազմակերպվեն նիստերի միջոցով, որոնք կհրավիրվեն տարվա ընթացքում առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում կգումարվի արտահերթ նիստ: Դրանք կլինեն դռնբաց եւ կհրավիրվեն նաեւ օրակարգում ընդգրկված հարցերին շահագրգիռ անձինք:

Նախարարին կից աշակերտական խորհրդի կազմում ընդգրկված դպրոցականները հնարավորություն կունենան ընդունելու խորհրդատվական բնույթի որոշումներ: Այդ որոշումները  կընդունվեն բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնության դեպքում, իսկ եթե ստացված քվեները հավասար լինեն, ապա վճռորոշ կլինի խորհրդի նախագահի ձայնը: Աշակերտական այդ խորհուրդը գլխավորելու է ԿԳՄՍ նախարարը: Վերջինս կվարի նիստերը, կհաստատի օրակարգը, կստորագրի արձանագրություններն ու կորոշի հրավիրվող այլ անձանց կազմը: Անդամների գլխավոր պարտականությունը նիստերին մասնակցությունն է եւ խնդիրների վերաբերյալ որոշումներ, դիտարկումներ ներկայացնելը:

Նշենք, որ նախատեսվում է նիստերի օրակարգը ձեւավորվել նախագահի եւ անդամների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: Դպրոցականները խորհրդի նիստի օրակարգում հարց ընդգրկելու համար այն պետք է ներկայացնեն նիստից առնվազն տասն օր առաջ՝ այդ մասին տեղեկացնելով նախարարությանը՝ կցելով անհրաժեշտ նյութերը:

Խորհրդի ձեւավորված կազմը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքէջում, այն կգործի 2 տարի ժամկետով: Դպրոցականները, սակայն, կարող են հեռացվել կազմից, եթե 3 անգամ անհարգելի բացակայեն նիստերից կամ ավարտեն դպրոցը: Կարող են հեռանալ նաեւ սեփական դիմումի հիման վրա:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից