Անի Սամսոնյանը պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պարզաբանումներ է ստացել ծննդատների փակման վերաբերյալ։
«Հարգելի գործընկերներ,
Դիմել էի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ծննդատների փակման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։
Նախարարի կողմից բազմիցս նշված պատճառների մասին ներկայացվել է նաև ինձ ուղղված գրավոր պատասխանում, որոնք ձեզ արդեն հայտնի են։
Համառոտ ներկայացնեմ միայն հետևյալը․
- Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրինությանն առաջարկվել է ծննդատների գործարկման մասով ներկայացնել պետական պատվերի տեղադրման նոր հայտ, որը կքննարկվի։
- Տավուշի մարզի Աչաջուր առողջության կենտրոն ՊՈԱԿ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։
- Շիրակի մարզի Մարալիկ առողջության կենտրոն ՓԲԸ-ի մասով ներկայացվել են միայն փակման հիմքերը և ապագայում հարցը նորից քննարկելու կամ փակման որոշումը վերանայելու որևէ հիշատակում չկա։
- Նույնն է նաև Արտենի ԱԿ, Ծաղկահովիտի ԲԿ, Արծվաբերդի ԱԿ, Քաջարանի ԲԿ, Գառնիի ԲԿ մասով։
Ստացվում է, որ այս պահին որոշակի է Կոտայքի մարզի Նաիրի բժշկական կենտրոնի վերանայման հարցը։
Ակնհայտ է, որ մոր և մանկան առողջության պաշտպանության տեսանկյունից ծննդատները և բժշկական սպասարկումը պետք է անպայման համապատասխանեն ընդունված չափանիշներին։ Այս հարցում հակառակ պնդում լինել չի կարող։
Սակայն բնակչության թվաքանակի աճի տեսլականի և զարգացման ռազմավարության տեսանկյունից տրամաբանությունը հուշում է, որ ծննդատների հարցը պետք է լուծվեր ոչ թե փակման, այլ վերազինման ճանապարհով։ Այստեղ կարևոր գործոն է նաև բժշկական կենտրոնների, մարզպետարանների և առողջապահության նախարարության համատեղ ջանքերն ու համագործակցությունը, ինչը գործընթացում, իմ գնահատմամբ, բացակայել է»,- գրել է նա: