ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավորական է, որ պաշտոնյան կոչում ստանալուն աջակցելու համար վերցնել է 5000 դոլար կաշառք. վարչապետը՝ Վերմիշյանի մասին

«Մի կողմից տխուր, վիրավորական, մյուս կողմից՝ ուրախ իրադարձություն է», – փետրվարի 6-ին, Կառավարության հերթական նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց երեկ կաշառքի մեղադրանքով ձերբակալված Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի մասին խոսելով:

 

«Տխուր է, որովհետև ՀՀ դրոշի ու զինանշանի ներքո, ՀՀ ժողովրդի անունից գործող պաշտոնյան կարող է ձեռքը երկարել կեղտոտ գործարքի համար: Վիրավորական է, որ ՀՀ դրոշի և զինանշանի ներքո գործող պաշտոնյան կարող է վարչապետի կողմից շնորհվող «Վաստակավոր շինարար»-ի կոչում ստանալուն աջակցելու համար վերցնել 5000 դոլար կաշառք և վարչապետին միջնորդություն ներկայացնել այդ անձին կոչում շնորհելու վերաբերյալ: Սա անձնական վիրավորանք է իմ, ՀՀ ժողովրդի և 2018թ- ին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության արժեքների հասցեին», – ասաց վարչապետը՝ կարծիք հայտնելով, որ նման վիրավորանք հասցրած անձինք պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության:

 

Վարչապետը նաև մեկնաբանեց, թե ինչով է այդ իրադարձությունն ուրախալի: Ուրախ իրադարձություն է այն առումով, որ եթե ՀՀ-ում կար մեկը, որ կասկածում էր կոռուպցիան արմատախիլ անելու վճռականությանը, կհասկանա, որ ամեն ինչ ավելի լուրջ է, քան կարող է պատկերացնել:

 

«Եթե կան մարդիկ, որ կասկածում են իմ վճռականությանը, այդ մարդկաց հետևից մենք անպայման գնալու ենք», – շեշտեց վարչապետը:

Քաղաքականություն

Պատահարներ