Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է․ Պենտագոն

Հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը ելույթ ունենալով Հայկական բանակին նվիրված տոնին՝ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը.

«Ակտիվորեն զարգացող համագործակցությունը մեր Զինված ուժերի միջև իրական ոգևորություն է առաջացնում: Մեզ համար պատիվ է ընդունել Հայաստանից ուսանողների՝ ռազմական կրթություն տալով նրանց: Այս տարի մենք նախատեսում ենք նաև զարգացնել համագործակցությունը Հայաստանի ազգային պաշտպանության հետազոտությունների համալսարանի հետ, ինչպես նաև շարունակել կրթել Հայաստանի Զինված ուժերի ներկա և ապագա առաջնորդներին»:

Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, Քուփերի խոսքերով՝ պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմքում Հայաստանի և Կանզաս նահանգի միջև ընդլայնվող գործընկերությունն է.

«Կանզասի հետ ընթացող ծրագիրը թույլ է տալիս մեծացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործունակությունը, դյուրացնել պաշտպանական ոլորտի բարեփոխումները Հայաստանում»:

Հայ-ամերիկյան ռազմական գործընկերության մասին խոսեց նաեւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը, ընդգծելով՝ համագործակցությունն ընթանում է ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ շրջանակներում.

«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև անցյալ տարի նախաձեռնված ռազմավարական երկխոսությունը հարթակ է տրամադրում համընդհանուր բանակցությունների համար, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտի գործընկերության ոլորտում»:

«Պաշտպանության նախարարության անունից ցանկանում եմ հատուկ նշել Հայաստանի անձնվեր ներդրումը իր սահմաններից դուրս կայունության և անվտանգության պահպանման գործում: Աֆղանստանում 120 հայաստանցի զինվորական ապահովում են պաշտպանություն Մազարի Շարիֆում՝ ներդրում կատարելով Աֆղանստանի ժողովրդին խաղաղություն ու անվտանգություն բերելու գործին: Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի շրջանակներում 41 հայաստանցի զինվորականներ կարևորագույն ներդրում են կատարում Արևմտյան Բալկաններում կայունության և անվտանգության պահպանման գործում»:

Հայաստանի խաղաղապահ ուժերը գործում են աշխարհի տարբեր հատվածներում, իր ելույթում նշեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Արման Մկրտչյանը.

«Մեր դաշնակիցների և գործընկերների միջև համագործակցությունը, հատկապես՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում, շարունակում է կարևոր դեր խաղալ ներքին պաշտպանական բարեփոխումների և մեր պաշտպանական ռազմավարության համար»:

Քաղաքականություն

Պատահարներ