Բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, վերջինիս ավտոմեքենան ոչնչացնելու դեպքը

ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Երևանի բնակչի բնակարանից գողություն կատարելու, ինչպես նաև վերջինիս ավտոմեքենան դիտավորությամբ ոչնչացնելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1993, 1996 և 1995թթ.:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ.,  ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով նույն քաղաքի ևս երկու բնակչի հետ՝ ծնված 1996 և 1995թթ.,  2019 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 02:00-ից մինչև 05:00-ն ընկած ժամանակահատվածում,  պատուհանը կոտրելու եղանակով ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող բնակարաններից մեկի նկուղ, այնուհետև՝ նշված բնակարան և հափշտակել տարբեր տեսակի թանկարժեք իրեր:

Բացի այդ, 26-ամյա երիտասարդը, նշված բնակարանի խոհանոցի սեղանից վերցրել է «Տոյոտա Յարիս» մակնիշի ավտոմեքենայի բանալին, որը կայանված է եղել շենքի հետնամասում, դուրս է եկել բնակարանից, և վերը նշված երկու երիտասարդների հետ նախնական համաձայնությամբ, առանց հափշտակելու նպատակի տիրանալով նշված ավտոմեքենային, տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող կամրջի տակ, որտեղ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել  է այն՝ ընդհանուր առմամբ պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 18.018.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ: 26-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է գործարանային արտադրության, 7,62մմ /7,62x39/ տրամաչափի՝ ռազմամթերք հանդիսացող մեկ հատ մարտական փամփուշտ: Դեպքի առթիվ հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված դեպքերի առթիվ քննվող քրեական գործին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: 23 և 24-ամյա երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: